«Այս ամենից հետո հանդիսատեսի սերն իմ նկատմամբ պակասեց». Եվգենի Պետրոսյանը Հայաստանում է

Ռուսաստանում հայտնի հայ հումորիստ, դերասան և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանն այս օրերին Հայաստանում է: Երեկ արտիստը հումորային երեկո է ունեցել Արամ Խաչատրան համերգասրահում:
Այսօր արտիստը լրագրողների հետ հանդիպման ընթացքում կիսվել է իր տպավորություններով: Հումորիստը վերջին անգամ Հայաստանում եղել էր 3 տարի առաջ: Լրագրողների հետ Պետրոսյանը խուսափում է հանդիպել, որովեհտև վախենում է «աղավաղումներից», սակայն համաձայն է, որ հայերի նկատմամբ նրա տրամադրվածությունը բավականին դրական ու մտերմիկ է:

«Այս հանդիպմանը լավ եմ տրամադրված: Երևանում ինձ տանն եմ զգում»,- ասաց երգիծաբանը:
Պետրոսյանը խոսեց նաև հայկական հումորից՝ հավատացնելով, որ Հայաստանում այդ ճյուղի զարգացման նախադրյալները բավականին շատ են:
Դերասանը չմոռացավ խոսել նաև իր անձնական կյանքի մասին ասելով. «Իհարկե, այս ամենից հետո հանդիսատեսի սերն իմ նկատմամբ պակասեց. ես դա շատ լավ եմ հասկանում: Բայց ինչ արած, դա էլ իմ դրաման է: Քանի դատական գործընթացները շարունակվում են, ես դեռ չեմ կարող ոչինչ խոսել, սակայն կգա ժամանակ և ես ամեն բան կբացատրեմ»:

Բացի հայ հանդիսատեսի հետ հանդիպումից` հումորիստը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Ասում է` շատ է ազդվել այն ամենից, ինչ տեսել է: «Երբեք չեմ կարողացել մինչև վերջ կարդալ Հայոց ցեղասպանության մասին գրքերը, դա ինձ մեծ ցավ է պատճառում, բայց երեկվա փորձն ինձ անհրաժեշտ էր: Բոլորը և, առհասարակ, ամբողջ աշխարհը պետք է իմանա Հայոց ցեղասպանության մասին»:
Պետրոսյաը նշեց, որ Հայաստանում համերգների կազմակերպման դրական աճ տեսնում է: Ինքն էլ հաճույքով պատրաստ է ավելի հաճախ ելույթ ունենալ հայրենիքում: