Վարչապետը Ռոբերտ Ամիրխանյանին շնորհավորելիս սխալվել է և դրա համար ներողություն խնդրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակին նվիրված «Այստեղ Հայաստանն է» խորագիրը կրող հոբելյանական համերգին։

Համերգին մասնակցել են Արցախի պետական ջազ նվագախումբը, Արցախի պետական երգչախումբը, ՀՀ Զինված ուժերի երգչախումբը, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանի «Ծիածան» մանկական երգչախմբի մենակատարները: Ներկայացվել են Ռոբերտ Ամիրխանյանի «Ժպտա», «Այնպես ուզում եմ», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Քեզ հետ, իմ սեր», «Պատրաստել ենք մենք Նոր տարվա հանդես», «Երազի իմ երկիր», «Հայի աչքեր», «Պույպույ մկնիկ» և այլ սիրված ստեղծագործություններ:

Վարչապետը երեկոյի ընթացքում հանդես է եկել շնորհավորական խոսքով, որի մեջ փոքրիկ սխալ է թույլ տվել, որի մասին էլ հայտնել է իր ֆեյսբուքյան գրառման մեջ։ «Ելույթում Ստեփանակերտի մանկական երգչախմբի անունը շփոթել և «Ծիածանի» փոխարեն «Ծիծեռնակ» եմ ասել: Կներեք երեխեք ջան»,- գրել է Փաշինյանը։