Նշվել է այն ֆիլմի անունը, որն ամենից մեծ շանսերն ունի ստանալու 2020-ի Օսկարը

Gold Derby կայքի վերլուծաբանները գնահատել են, թե «Օսկար» ստանալու ինչ շանսեր ունեն այս տարվա հաջողված ֆիլմերը, ինչպես նաև ռեժիսորներն ու գլխավոր դերակատարները։

Փորձագետների կարծիքով, «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթելու ամենամեծ շանսն ունի Մարտին Սքորսեզեի «Իռլանդացին» քրեական դրաման, որը Netflix-ով կցուցադրվի նոյեմբերի 27-ին:
Երկրորդ տեղում դրել են Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» ժապավենը, երրորդում՝ «Ամուսնական պատմություն»-ն է, որում գլխավոր դերերում հանդես են եկել Սքարլեթ Յոհանսոնը և Ադամ Դրայվերը:

Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր»-ն այս վարկանիշում զբաղեցրել է տասներորդ հորիզոնականը:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում, ինչպես կարծում են վերլուծաբանները, կարող է հաղթել Մարտին Սքորսեզեն: Փոքր-ինչ պակաս շանսեր ունեն Քվենտին Տարանտինոն և Պոն Չժուն Հոն, որն այս տարի ներկայացրել է «Պարազիտներ» դրաման:

Ամերիկյան կինոակադեմիան 24 կատեգորիայում անվանակարգորդներին կհայտարարի 2020 թվականի հունվարի 13-ին: «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը պլանավորված է փետրվարի 9-ին։