«Եթե շոկ, ապա միայն այսպիսի». Օվսաննա Սիմոնյանը պատմել է ուղիղ եթերում ամուսնության առաջարկի մասին

Հաղորդավարուհի  Օվսաննա Սիմոնյանը, ով Առաջին ալիքի եթերում վարում է «Կապրենք, կտեսնենք» հաղորդաշարը դերասանուհի, հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանի, թատրոնի և կինոյի պրոդյուսեր Արթուր Ղուկասյանի և նկարչուհի Արև Պետրոսյանի հետ, ամուսնության առաջարկություն է ստացել տաղավարում հերթական նկարահանման ժամանակ:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Առաջին ալիքի ուղիղ եթերում Վահե Տեր-Խանամիրյանն ամուսնության առաջարկություն արեց հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանին: Սա արդեն Առաջին ալիքում ավանդույթ է դարձել:

Օվսաննան Showbiz.am կայքի հետ զրույցում կիսվեց իր համար ամենակրևորը դարձած օրվա մանրամասներով ու անմոռանալի զգացողություններով:

«Այդ օրը լարված սկսվեց։ Ես սովորաբար մոտ 20 րոպե շուտ եմ հեռուստաընկերություն հասնում, իսկ այդ օրը, ինչպես ասում են, թարսի պես խցանման մեջ ընկա։ Ընդհանրապես մենք 4 առանձին հաղորդում ու թեմա ենք նկարահանում մեկ օրվա ընթացքում, բայց քանի որ անցած շաբաթ մեր հյուրերից մեկն ուշացել էր և 1 թեման ստիպված տեղափոխել էինք, ամբողջ ճանապարհին մտածում էի՝ վերջ, տապալվեցինք: Ունենք 5 թեմա, ես ուշանում եմ, դեռ պիտի հասցնեմ դիմահարդարվել, պատրաստվել, իսկ 20 րոպեից արդեն նկարահանումը պիտի սկսած լինենք։
Մի խոսքով, մոտ 40 րոպե ուշացմամբ հասա հեռուստաընկերություն և հետո արդեն շատ լարված մտա տաղավար։

Նկարահանումների ընթացքում, իհարկե, ամեն ինչ տեղն ընկավ: Երբ արդեն վերջին հաղորդումն էինք նկարահանում, որի թեման էր`«Ով պետք է առաջին քայլն անի՝ կինը, թե տղամարդը» ընթացքի կեսից մեր ռեժիսորը հայտարարեց, որ տեխնիկական խնդիր ունենք և գործընթացը սկսեց ձգվել: Իսկ նկարահանումը ձգձգվում էր, որովհետև մեջքիս հետևում տեսախցիկի վրա ամրացվում էր մատանին։ Երբ նրան տեսա շոկի մեջ ընկա, իր տաղավարում հայտնվելու պահից մինչև օրվա ավարտը շոկի մեջ էի ու չէի հասկանում ինչ էր կատարվել։

Միմյանց անակնկալներ անել «չգիտենք»

Երկուսս էլ միշտ ձախողվել ենք միմյանց համար անակնկալներ անելիս և փորձը ցույց է տվել, որ ժամանակից շուտ մատնել ենք մեզ։ Երևի նաև այդ էր պատճառը, որ ինձ համար այս անակնկալը դարձավ շոկային։

Իսկ մեր հանդիպման մասին շատ մանրամասներ չեմ կարող ասել, որովհետև ինչպես երկուսս ենք սիրում ասել՝ այդ «լեգենդար» հանդիպման մասին կխոսենք մոտ ապագայում` հատուկ առիթով։

Ի՞նչ է սերը…

Կարծում եմ սերը երկու հասուն մարդկանց անվերջանալի սինխրոն գործընթաց է, որի միաժամանակյա լինելը մոտդ միշտ սիրելու անհագ ցանկություն է առաջացնում:

Գալիս է պահ, երբ զույգերը հասկանում են, որ իրենց մոտ իրական սեր է:

Դա կատարվում է ամենածանր ու անհաղթահարելի թվացող պահերին, երբ մտածում ես թողնելու, հեռանալու, կորչելու մասին, ընդ որում՝ ինքդ քեզ խոստովանում ես, եթե կորել` միանշանակ միայն նրա հետ։

Եթե շոկ, ապա վստահաբար, միայն այսպիսի

Ի սրտե ցանկանում եմ, որ յուրաքանչյուր աղջիկ իր կյանքում նման շոկային իրավիճակում հայտնվի ու վայելի այդ հեքիաթային վայրկյանները»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան