Սելֆի մեծ պրեմիերայից հետո. վարչապետը ներկա է գտնվել «Թռիչք կկվի բնի վրայով» ներակայացմանը

«Պետք է ծիծաղել այն ամենի վրա, ինչը քեզ տանջում է: Եթե չվարվես այդպես, կյանքը քեզ խենթ կդարձնի: Ու հիշիր՝ վաղ թե ուշ դու պարտվելու ես. պատրաստ եղիր դրան»
                                                                                                                         Կեն Կիզի «Թռիչք կկվի բնի վրայով»

Կեն Կիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի հիման վրա 1975 թվականին ռեժիսոր Միլոշ Ֆորմանի նկարահանած գեղարվեստական ֆիլմը դասվում է այն երեք ֆիլմերի շարքին, որոնք արժանացել են Օսկարի՝ միանգամից 5 անվանակարգերում:

«Սա մի մեծ ուղերձ է մեր հանդիսատեսին, այն մասին, թե ինչպես է մարդ արարածը ընդվզում հիվանդ իրականության դեմ և զոհելով ինքն իրեն՝ փորձում փրկել և ապրելու հույս ներշնչել բոլոր նրանց, ովքեր մոլորվել են, ինքնամփոփվել են ու փորձում են փախչել իրականությունից»,- ասում է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը, ում բեմադրությամբ էլ Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման պրեմիերան:
Ներկայացման մեջ խաղում են Անի Պետրոսյանը, Դավիթ Գասպարյանը, Սամվել Բաղինյանը, Անդրանիկ Զաքարյանը, Մեսրոպ Աբտոյանը, Արթուր Հարությունյանը, Արմեն Քուշքյանը և այլք: Գլխավոր դերում ՀՀ Վաստակավոր արտիստ Արմեն Մարգարյանն է: Պրեմիերային ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ներկայացման մասին Showbiz.am կայքի հետ զրույցում խոսեց գլխավոր դերակատարներից Մեսրոպ Աբտոյանը, ում բաժին էր հասել Բիլի Բիբեթի կերպարը:
Բիբեթին ունի խոսքի արատ և էդիպյան բարդույթ։ Նա երեսուն տարեկան է, բայց կենսափորձով նման է քսանամյա պատանու, և այդ ամենը մոր չափազանց մեծ ազդեցության, հոգատարության և ուշադրության պատճառով։ Հիվանդանոցում մոր կերպարը Բիլին վերագտնում է բուժքրոջ մեջ, ինչն էլ ավելի է նվազեցնում նրա բուժման հավանականությունը։

 

«Ներկայացման գլխավոր ուղերձն այն է, որ հաճախ մարդը կարող է և պետք է չհարմարվի համակարգին։ Բայց նաև հստակ պիտի գիտակցի սահմանը, որն անցնել չի կարելի։ Այն է` դիմացինի թույլ և ուժեղ կողմերը հարգել։

Առաջին անգամ ֆիլմը դիտել եմ տասը տարի առաջ, ուսանողական տարիներին։ Նախ հիացել եմ Ջեք Նիքլսոնի խաղով, և ոչ միայն նրա։ Իսկ այնուհետ ցանկացել եմ փոխել աշխարհում ամեն ինչ»,-պատմում է Մեսրոպ Աբտոյանը և հավելում,-«Բոլոր ժամանակներում թատրոնի սիրահարներին հարազատ են այն թեմաները, որոնց մեջ մարդն ինքն իրեն է տեսնում, պատկերացնում։ Հանդիսատեսի համար գերկարևոր է վերապրումը, կենդանի հարաբերությունները։
Թատրոնը մեր հասարակության հայելին է. եթե կա մեծ թվով հանդիսատես` կա մեծ թվով արվեստի սով, մտածողների ու որոնողների մեծ բանակ։ Թատրոնը միշտ ունի հանդիսատեսի այն կորիզը, որը, անկախ երկրում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից, կգա և կտանի իր բաժին արվեստը։
Թատրոնը պահանջարկ բավարարող չէ, այլ` ճաշակ թելադրող։
Համաձայն եմ, որ առավել պահանջված են կոմեդիաները։ Սակայն, եթե բեմադրվում է հինգ ներկայացնում, դրանցից երկուսը գոնե պիտի լինեն բարձր արվեստի գործ` մարդուն իր հետ տուն տանելու մտքերով ու խորը փիլիսոփայությամբ, ասելիքով, դրամայով, տրագիզմով»։

Ռոման Բաբայանը, ով ներկայացման մեջ կերտել է բժշկի դեր, ստեղծագործության գլխավոր գաղափարն է համարում այն, որ յուրաքանչյուր մարդ ունակ է փոխել սեփական կյանքը և նույնկերպ օգնել շրջապատող մարդկանց, կյանքում անհնարին ոչինչ չկա և նպատակներին հասնելու համար չպետք է վախենալ ոչ մի խոչընդոտից։ Իսկ ինչ վերաբերում է թեմայի ընտրությանը՝ դերասանը մեզ հետ զրույցում նկատում է.

«Իմ կարծիքով ներկայացման գլխավոր ուղերձն ու առանձնահատկությունը այն է, որ յուրաքանչյուր մարդ ունակ է փոխել սեփական կյանքը և նույնկերպ օգնել շրջապատող մարդկանց։ Կյանքում անհնարին ոչինչ չկա և նպատակներին հասնելու համար չպետք է վախենալ ոչ մի խոչընդոտից։
Համաձայն չեմ, որ հանդիսատեսին ավելի շատ կոմեդիաներն են հետաքրքրում, և որպես օրինակ կարող եմ բերել հենց մեր թատրոնը, քանի որ մեր թե’ կոմեդիայի, թե’ դրամատիկ ժանրի ներկայացումներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներով։
Համամիտ չեմ, որ հանդիսատեսի հոսքը գնալով պակասում է։ Հակառակը վերջին տարիներին թատերական կյանքը շատ ավելի է ակտիվացել։ Մարդիկ ավելի շատ են սկսել հաճախել թատրոն։
Իսկ թե ի՞նչ է պետք հանդիսատեսին, կարող եմ ասել հետևյալը՝ յուրաքանչյուր թատրոն իր խաղացանկում պետք է ունենա բազմաժանր ներկայացումներ, իմաստալից և խոսում ներկայացումներ, որպեսզի կարողանա բավարարել յուրաքանչյուր հանդիսատեսի նախընտրությունը։
Թատրոնի սիրահարի համար հոգեհարազատ է յուրաքանչյուր թեմա: Թատրոնն ու հեռուստատեսությունը լրիվ տարբեր են և երբեք չեն կարող մրցակիցներ լինել, քանի որ թատրոնը միշտ է հաղթելու է։ Իսկ թե’ հեռուստանախագծերի, թե’ ֆիլմերի և թե’ սերիալների մասնակցել եմ, մասնակցում եմ, շարունակելու եմ մասնակցել…»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան