Հայկական ծիրանափողը օգտագործվել է Ջեքսոնի երգերը գործիքավորելիս

Դեկտեմբերի 3-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը`գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, նոր գործիքավորումով առաջին անգամ ներկայացվեց փոփ արքա Մայքլ Ջեքսոնի ամենաճանաչված և սիրված ստեղծագործությունները:
Մարզահամերգային համալիրում «Դասական Ջեքսոն» խորագրով համերգային ծրագրի ընթացքում հնչեցիին արտիստի «You are not alone»‚ «Black or white»‚ «They don’t care about us»‚ «Remember the time»‚ «Who is it?» և բազմաթիվ այլ երգեր՝ ինքնատիպ ոճով և նվագախմբի ու DJ-ի համագործակցությամբ։ Երեկոյին փոփի ու դասականի միաձուլումը ուղեկցվեց լուսային և ռեժիսորական հետաքրքիր լուծումներով։ Դասական Ջեքսոն» նախագիծը երկար ամիսների տքնաջան աշխատանքի արդյունք է‚ որը սիրվեց ու ընդունվեց հանդիսատեսի կողմից։

Ջեքսոնի երգերը գործիքավորելիս օգտագործվել է նաև դուդուկ: Ջեքսոնի երգերի գործիքավորումները կատարել է կոմպոզիտոր, գործիքավորող Մարտին Ուլիխանյանը։ Համերգի մասին նախորդ տարի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Սմբատյանը կարծիք էր հայտնել, որ Մայքլ Ջեքսոնի երգացանկից ընտրված կատարումներով համերգը կլինի իրենց ամենահնչեղ միջոցառումներից մեկը, որը սակայն տեղի չունեցավ:
Համերգն այդ տարի հետաձգվել էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ծանրաբեռնվածության պատճառով: