Հայաստանում համերգով հանդես կգա իսրայելցի կոմպոզիտոր, երգիչ Ավիշայ Քոենը

Իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենը ելույթ կունենա Հայաստանում: Դեկտեմբերի 8-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Քոենի համերգը դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) նվագակցությամբ:

Երեկոն նվիրվում է  կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-ամյակին:

Ավիշայ Քոենը իսրայելցի ջազ կոնտրաբասահար է, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող: Ծնվել է Երուսաղեմում, 1970թ.: Մանուկ հասակից սկսել է դաշնամուր նվագել:

Երբ երաժիշտը 14 տարեկան էր, ծնողները տեղափոխվում են Սենտ-Լուիս, որտեղ էլ սիրահարվում է ջազին: Իսրայելական բանակում ծառայելուց հետո Քոենը որոշում է կոնտրաբաս նվագել սովորել: 1992-ին Ավիշայը տեղափոխվում է Նյու Յորք:  Համագործակցել է դաշնակահար Դանիլո Պերեսի, Գրեմմիի դափնեկիր Չիկ Կորիայի հետ:

2003 թվականից սկսել է զբաղվել սոլո կարիերայով: