Փոլ Մաքքարթնին սուրբծննդյան ալբոմ է ձայնագրել՝ նախատեսված միայն իր ընտանիքի համար

Աշխարհահռչակ երաժիշտ Փոլ Մաքքարթնին պատմել է, որ ձայնագրել է սուրբծննդյան տաղերգերի ալբոմ, որը, սակայն, նախատեսված է միայն իր ընտանիքի անդամների համար:

77-ամյա երաժիշտն ալբոմը ձայնագրել է իր առանձնատան ստուդիայում, սակայն չի պատրաստվում երբևէ այն թողարկել:
Նա մանրամասնել է, որ տաղերգերի ալբոմ ձայնագրելու գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ իրեն չի հաջողվել սուրբծննդյան թեմայով լավ երգեր գտնել:

«Տարիներ առաջ հասկացա, որ սուրբծննդյան լավ երգեր չկան: Ինձ դուր են գալիս ավանդական, պարզ և հեշտ հիշվող երգեր, ուստի՝ գնացի իմ ստուդիա և այդպիսի մի ալբոմ ձայնագրեցի: Այն չի թողարկվել, քանի որ բացառապես ընտանիքի համար է և ամեն տարի լսվում է: Երեխաներս ու թոռներս այն շատ են սիրում»,- պատմել է Մաքքարթնին: