Դայանա Դավթյանը՝ աղջիկների կողմից նախանձի և իր երազանքների, ծրագրերի մասին

Դեռ հուլիս ամսին Գյումրու Սև բերդում  կայացավ «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթը, որի հաղթող ճանաչվեց 20-ամյա Դայանա Դավթյանը: Վերջինս հաղթել էր նաև «Միսս թոփ-մոդել» անվանակակարգում: Այսպիսով՝ հենց նա ներկայացրեց Հայաստանը «Միսս տիեզերք 2019» մրցույթում:

«Գուցե չհավատաք, բայց դեռ մանուկ ժամանակ, նայելով «Միսս տիեզերք մրցույթը», մայրիկիս հարցնում էի՝ ինչպես են ընտրում ամենագեղեցիկ աղջկան: Դեռ այն ժամանակներից հետաքրքրվում էի։
Այդ տարիքում կարծում էի, որ ինչ-որ գերբնական ուժի միջոցով են ընտրում ամենագեղեցիկ աղջկան։ Միշտ հետաքրքրվել եմ գեղեցկության մրցույթներով, և միշտ երազել եմ հայտնվել այդ բեմում։ Երազանքներ շատ եմ ունեցել և բոլորն էլ կատարվել են․ կարծում եմ տիեզերքը ինձ լսում է»,-Showbiz.am կայքի հետ զրույցում ասաց Դայանան։

Գեղեցկուհին խոսելով Հայաստանում անցկացվող գեղեցկության մրցույթներից ու դրանցում հաճախ տիրող անարդարություններից կամ կողմնապահություններից, ասաց․ «Այդպես նախկինում էր, սակայն հիմա ամեն բան փոխվել է։ Եթե հանկարծ լինի կոմնապահություն, ապա ժյուրին անպայման կբարձրաձայնի այդ մասին»։

«Միսս տիեզերք Արմենիա»-ն չմոռացավ պատմել նաև այն դժվարությունների ու խոչընդոտների մասին, որոնց նա բախվում է առօրյա կյանքում․ «Ես շատ եմ նկատել չարություն և նախանձ։ Ես ընդունվեցի այն համալսարանը, որտեղ մայրիկս էր աշխատում։ Այդ ժամանակ արդեն որոշ ձեռքբերումներ ունեի մոդելային ասպարեզում։ Սովորում էի գերազանց։
Շատերը փսփսում էին մեջքիս հետևում՝ ասելով, որ ինձ ընդառաջում են մայրիկիս «խաթր»։ Երևի զարմանում էին՝ ինչպես աղջիկը կարող է լինել և՛ գեղեցիկ, և՛ գերազանց սովորող»:

«Միսս Տիեզերք»-ում՝ Դայանայի տարազով դեֆիլեն քննադատության արժանացավ ընտրված զգեստի պատճառով: Տարազի համար քննադատեցին և՛ Գոհար Հարությունյանին, և՛ դիզայներ Վերա Սմբատիին։ Գոհար Հարությունյանն իր հարցազրույցում նշել էր, որ Դայանան ընկճված ելույթ է ունեցել, իր հերթին՝ Դայանան գրառում էր արել, որտեղ առանձին կետերով նշել էր, թե ինչու է վատ ելույթ ունեցել և խոսել կազմակերպչական բացթողումների և զգեստի, աքսեսուարների անհարմարության մասին։ Դայանան ասել էր, որ իրեն սպառնում են զրկել տիտղոսից:

Օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Գոհար Հարությունյանը նշեց, որ սկանդալն արդեն հանգուցալուծվել է, իսկ Դայանայից ոչ ոք չի պատրաստվում տիտղոսը խլել։
«Նախկինում էլ շատ սուր դեպքեր եղել են, սակայն տիտղոսից չեմ զրկել»,-ասաց Գոհարը:

Ինքը՝ Դայանան, նույնպես մոռացել է անհամաձայնությունների ու լարվածության մասին և այժմ զբաղված է անձնական հարցերով․
«Ներկայումս ես զբաղված եմ ինձ համար շատ կարևոր ուսման հարցերով, գրում եմ դիպլոմային աշխատանք, պատրաստվում Ամանորին: Այս պահին ավելացնելու բան չունեմ, սպասենք հետագա զարգացումներին՝ հուսալով, որ «Միսս Տիեզերք» մրցույթին Հայաստանի մասնակցությունը կլինի առավել լավը՝ բոլորիս ջանքերով»:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան