«Ջոկեր», «Մի անգամ Հոլիվուդում», «Իռլանդացին»․ հայտնի են BAFTA մրցանակի հավակնորդները

Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի (BAFTA) մրցանակի անվանակարգերի թվով ռեժիսոր Թոդ Ֆիլիփսի «Ջոկերը» ֆիլմն առաջատարն է, հաղորդում է Variety-ն:

Ֆիլմը հավակնում է 11 մրցանակի, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն տղամարդու դեր», «Լավագույն սցենար» և այլն:

Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը ներկայացվել է 10 անվանակարգերում։
Հավակնորդ ֆիլմերի թվում են նաև Սեմ Մենդեսի «1917» ֆիլմը, Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» և Չուն-հո Պոնի «Մակաբույծը»։

Հիշյալ ֆիլմերը ներկայացված են «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, իսկ ֆիլմի հեղինակները՝ «Լավագույն ռեժիսոր»:
Տղամարդու լավագույն դերի համար մրցանակը կարող են ստանալ Խոակին Ֆենիքսը («Ջոկեր»), Լեոնարդո Դի Կապրիոն («Մի անգամ Հոլիվուդում»), Ադամ Դրայվեր («Ամուսնական պատմություն»), Թերոն Էջերթոնը («Ռոքեթմեն») և Ջոնաթան Փրայսը («Երկու պապերը»)։

Լավագույն դերասանուհի կարող են ճանաչվել Սքարլեթ Յոհանսոնը («Ամուսնական պատմություն»), Շարլիզ Թերոնը («Սկանդալ»), Ռենե Զելվեգերը («Ջուդի»), Սիրշա Ռոնանը («3ոքրիկ կանայք»), Սինտիա Էրիվոն («Հարրիետ») և Ջեսի Բաքլին («Վայրի վարդ»):