Մադամ Տյուսոյի թանգարանը հեռացրել է արքայազն Հարիի և Մեգանի արձանները թագավորական ընտանիքի հավաքածուից

Մադամ Տյուսոյի լոնդոնյան թանգարանն արքայազն Հարիի և Մեգան Մարքլի մոմե արձանները հանել է թագավորական ընտանիքին նվիրված ցուցադրության բաժնից: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով թանգարանի մամուլի ծառայությանը։

Նման որոշման համար պատճառ է հանդիսացել Սասեքսի դքսի և դքսուհու հայտարարությունը թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելու, թագավորական պալատից ֆինանսապես անկախ դառնալու և ժամանակն ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում հավասարապես անցկացնելու մտադրության մասին:

«Ողջ աշխարհի հետ միասին մենք արձագանքում ենք զարմանք առաջացրած լուրերին այն մասին, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին վայր կդնեն թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները: Այսօրվանից Մեգանի և Հարիի արձաններն այլևս չեն հայտնվի թագավորական ընտանիքի մեր հավաքածուում: Լինելով սիրված և ճանաչված արձանիկներից երկուսը՝ դրանք, իհարկե, կմնան թանգարանի կարևոր ցուցանմուշների շարքում»,- ասվում է թանգարանի հաղորդագրության մեջ: