13-ամյա Մոցարտի դիմանկարն աճուրդի կհանվի Փարիզում

Տասներեքամյա Մոցարտի դիմանկարը Christie’s աճուրդի տան կողմից Փարիզում աճուրդի կհանվի նոյեմբերի 27-ին։

Աշխատանքը գնահատվել է 800 հազար եվրոյից 1 միլիոն 2 հարյուր հազար եվրո: Ըստ տեղեկությունների՝ դիմանկարի հեղինակը 18-րդ դարի իտալացի գեղանկարիչ Ջամբետտինո Չինյարոլին է:

Մոցարտի՝ մանուկ հասակում արված դիմանկարներ քիչ կան: Հնարավոր է՝ սա երիտասարդ կոմպոզիտորի վերջին դիմանկարն է:

Հատկանշական է, որ հայտնի են դիմանկարի ստեղծման հանգամանքները և պատվիրատուն (պատվիրատուն Վենետիկից հարկահավաք Պյետրո Լուջատին է): Կոմպոզիտորի հայրը կնոջն ուղղված նամակում գրել է, որ 1770 թվականի հունվարի 6-ին և 7-ին Վերոնայում հաջողված համերգից հետո Վոլֆգանգ Ամադեուսի դիմանկարն են նկարել: