«Հիմա մեծ զղջումով եմ հիշում». Ուիլ Սմիթը խոսել է կնոջ և ռեփեր 2Pac-ի ընկերության ու իր խանդի մասին

Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը The Breakfast Club հաղորդման շրջանակում խոսել է կնոջ՝ Ջադա Փինքեթ Սմիթի և ռեփեր Թուփաք Շակուրի ընկերության ու դրա արդյունքում առաջացած իր խանդի մասին:

«Հիմա մեծ զղջումով եմ հիշում: Այդ ժամանակ չէի կարողանում ինձ տիրապետել».- հայտնել է դերասանը՝ հավելելով, որ դա իրեն խանգարել է շփվել Թուփաքի հետ:

Սմիթն, ով ապագա կնոջը հանդիպել է 1994 թվականին՝ Fresh Prince of Bel-Air ֆիլմի նկարահանման հրապարակում, նշել է, որ վստահ էր, որ Ջադան և Թուփաքը պարզապես ընկերներ են, սակայն կասկածներն իրեն հանգիստ չէին տալիս:

Դերասանը նաև խոստովանել է, որ միշտ համակրել է հանգուցյալ ռեփերին և նրա երկրպագուն է եղել:

«Նա կատարելության տիպար էր, բայց Ջադան ընտրել էր Fresh Prince-ին: Մենք քանիցս հայտնվել ենք միևնույն սենյակում, բայց ես չէի կարողանում խոսել նրա հետ: Եթե ես նրա հետ խոսակցություն սկսեի, նա նույնպես կխոսեր ինձ հետ»,- հայտնել է Սմիթը:

Ջադան և Թուփաքն ընկերներ են եղել Բալթիմորի Արվեստի դպրոցում ուսանելու տարիներին:

Շակուրը բոլոր ժամանակների ամենամեծ վաճառքներն ունեցած երաժիշտներից մեկն է: Նա իր ստեղծագործությունների միջոցով ներկայացրել է մարդկանց արդի խնդիրները: Թուփաքը համարվում է ռասիզմի և իրավական անհավասարության դեմ պայքարի խորհրդանիշներից մեկը:

1996 թվականի սեպտեմբերի 7-ին Լաս Վեգաս քաղաքում՝ լուսափորի տակ մեքենան կանգնեցնելուց հետո, անհայտ անձը հարևան մեքենայի պատուհանից կրակ է արձակել Շակուրի ուղղությամբ և փամփուշտներից չորսը հասել է նպատակակետին։ Վեց օր անց Թուփաքը մահացել է, իսկ մարդասպանը մինչ օրս անհայտ է մնում: