Ելենա Վարդանյանը՝ սեքսուալ դերերի, չարախոսների և մայրանալու մասին

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը showbiz.am կայքի հետ զրույցում անկեղծ պատմել է իր ամուսնու խանդի, համարձակ դերերի և երկարատև դադարի գլխավոր պատճառի մասին:
Երկար ժամանակ հեռուստաէկրաններին չերևացող դերասանուհին նշում է՝ նոր նախագծերի համար քիչ ժամանակ ունի, փոխարենն ավելի ակտիվ է թատրոնում.
«Ես հիմա հեռուստատեսային նախագծերով հանդես չեմ գալիս, քանզի ավելի շատ գործունեություն եմ ծավալում թատրոնում։ Առաջարկները շատ են, բայց խիստ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չեմ ընդունել։ Ես ավելի շատ սիրում եմ երգիծաբանական նախագծերում հանդես գալ»։

Չնայած հանդիսատեսի որոշ զանգված հայկական սիթքոմներն ու երգիծաբանական նախագծերը համարում է անորակ՝ Ելենան շտապում է պնդել հակառակը․«Ինձ թվում է նոր ինտերպրետացիաներով, նոր շնչով մարդիկ սկսում են թարմացնել ոլորտն ու դա շատ լավ է։
Չեմ դատում, որ չդատվեմ։ Երբեք չեմ քննադատում եթե անգամ ինձ ինչոր բան դուր է գալիս, ես իմ կարծիքը երբեք չեմ փաթաթում ուրիշի վրա։ Ես պրոգրես եմ տեսնում, նորություն, որը գեղեցիկ ու հետաքրքիր է։ Ինձ դուր է գալիս սկսնակ ռեժիսորների մոտեցումը։
Այն սիթքոմները, որտեղ ես հանդես եմ եկել, եղել են որակյալ ու դուր են եկել իմ հանդիսատեսին»:

Չարախոսներին ու մյուս բոլոր դժվարություններին նա նայում է ժպիտով՝ լավատեսորեն հավատալով, որ դրանք անպատճառ կանցնեն։

«Արտիստները շատ նուրբ հոգի ունեն ու բավականին էմոցիոնալ են։ Լինում են, իհարկե, այնպիսի պահեր, որ ցանկանում ես ամեն բան թողնել, բայց այդպես շատերի հետ է պատահում։ Մասնագիտությանս հանդեպ իմ սերն այնքան մեծ է, որ ես բոլոր դեպքերում շարունակում եմ աշխատել և անել այնպես, որպեսզի դժվարությունները չխանգարեն»։

Դերասանուհին նաև պատմեց՝ ինչպես տարիներ առաջ նա եկավ Հայաստան և որոշեց ընտրել հենց այս մասնագիտությունը։
«Տարիներ առաջ Մոսկվայից եկա Հայաստան, և ներկա գտնվելով մի ներկայացման ՝ հասկացա, որ եթե ունենայի թատերական կրթություն, ապա մեծ հաճույքով դերասանուհի կաշխատեի։ 

Որոշումս ընտանիքս ընդունեց մեծ սիրով և ոգևորությամբ։ Գալով Ստանիսլավսկու անվան թատրոն՝ Արթուր Գրիգորյանի մոտ, ես սկսեցի իմ կարիերան և մինչ օրս էլ այդ թատրոնում եմ։
 Կարելի է ասել, որ թատրոնն իմ երկրորդ տունն է, իմ կենսակերպը, իմ սիրտը։ Իհարկե, յուրաքանչյուր գործում դժվարություններ կան, և պետք է լինել ուժեղ դրանք հաղթահարելու համար։ Ինձ մոտ դա ստացվել է, ինձ օգնել է ընտանիքս, մասնագիտության նկատմամբ իմ սերն ու պատասխանատվությունը՝ արածս գործի նկատմամբ»։

Միշտ սեքսուալ շիկահերների մարմնավորող Ելենան ասում է.
«Ինձ հաճախ են համեմատում Մերիլինի հետ, և դա ինձ, իհարկե, դուր է գալիս։ Գեղեցկությունը պետք է մարդու հոգուց և սրտից գա, և եթե ինձ մոտ հաջողվել է հենց այդ գեղեցկությամբ գրավել մարդկանց, ապա կարող եմ համարվել շատ երջանիկ մարդ։
Ինձ երբեք չեն խանգարել իմ համարձակ ու սեքսուալ դերերը։ Յուրաքանչյուր արտիստ անում է իր գործը՝ համաձայն սցենարի և ռեժիսորի պահանջների։ Իմ կարծիքով ճիշտ չէ դերերը գնահատել ըստ նրանց ունեցած կամ չունեցած սեքսուալության»։

Գեղեցկուհին խոստովանում է, որ չնայած տասնյակ երկրպագուների ու իր կերտած համարձակ կերպարների՝ ամուսինն իրեն չի խանդում։
«Ամուսնուս հետ երբեք խնդիրներ չեն եղել, և ամեն ինչ լավ է այդ հարցում: Նա նորմալ է համարում, որ ես դերասնուհի եմ և կարող եմ հանդիսատեսին դուր գալ»։

Վերջին շրջանում Ելենա Վարդանյանն անհետացել էր և թատրոնի բեմից, և հեռուստանախագծերից։ Շատ լրատվամիջոցներում քննարկվում էին, թե ինչու Ելենա Վարդանյանը որոշեց թողնել դերասանի մասնագիտությունը, սակայն հետագայում բոլոր շշուկները հերքվեցին։
Ելենան մեզ հետ կիսվում է, թե որն էր երկարատև դադարի գլխավոր պատճառը․ «Քանի որ իմ կյանքում մեծ հրաշք է տեղի ունեցել՝ որդի եմ ունեցել, ես մի պահ չէի կարողանում ընդունել շատ առաջարկներ՝ ցանկանալով մնալ երեխայիս հետ։ Սակայն հիմա նա մեծացել է, և ես կարող եմ համատեղել»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան