Սկանդալից հետո Ջասթին Թիմբերլեյքին լուսանկարել են կնոջ հետ զբոսնելիս (լուսանկարներ)

Ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և դերասան Ջասթին Թիմբերլեյքն իր և դերասանուհի Ալիշա Վեյնրայթի հետ սիրառատ լուսանկարների արտահոսքից հետո ընտանեկան ճգնաժամում էր հայտնվել, որը, ինչպես ցույց են տալիս պապարացիների արած թարմ լուսանկարները, այժմ արդեն հաղթահարված է:

Ինչպես նշում է Daily Mail-ը, օրերս պապարացիները Թիմբերլեյքին և նրա կնոջը՝ դերասանուհի Ջեսիկա Բիլին, լուսանկարել են Նյու Յորքի փողոցներով միասին զբոսնելիս: Լուսանկարներում զույգը քայլում է ձեռք ձեռքի տված, ժպտում է և երջանիկ տեսք ունի: Ըստ ամենայնի՝ նրանց հաջողվել է հարթել արտահոսքի հետ կապված բոլոր խնդիրներն ու անախորժ պահերը:
Թիմբերլեյքն ու Բիլն ամուսնացած են յոթ տարի և ունեն չորսամյա որդի:

Նշենք, որ ավելի վաղ Թիմբերլեյքը Վեյնրայթի հետ սիրառատ լուսանկարների արտահոսքից հետո հրապարակավ ներողություն է խնդրել կնոջից: Երեսունութամյա Թիմբերլեյքը հայտնել էր, որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և չի գիտակցել իր քայլերը: Նա նշել էր, որ առհասարակ փորձում է զերծ մնալ ասեկոսեներից, սակայն այս դեպքում նախընտրում է խոսել և պարզաբանել իր արարքը, քանի որ այս սկանդալը «ցավեցնում է իր սիրելիներին»: