Արքայազն Հարիի հեռանալուց հետո Ուիլյամն ու Քեյթը առաջին անգամ միայնակ ընդունելություն են կազմակերպել

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը,  Բուքինգհեմյան պալատում անցկացրել են իրենց առաջին պաշտոնական ընդունելությունը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ սա առաջին դեպքն է, երբ Քեմբրիջի դքսին և դքսուհուն վստահվում է միայնակ պաշտոնական ընդունելություն կազմակերպել պալատում:

Խոսքը Մեծ Բրիտանիա-Աֆրիկա ներդրումային գագաթնաժողովի մասին է: Միջոցառման շրջանակում Բուքինգհեմյան պալատում հյուրընկալվել է Աֆրիկայից ժամանած 21 պատվիրակություն:

Նշվում է, որ հատուկ այս առիթով 38-ամյա Միդլթոնը կրել է Needle & Thread բրենդի ալ կարմիր երեկոյան զգեստ՝ իր էլեգանտությամբ հիացնելով բոլորին: Նա իրեն բնորոշ անմիջականությամբ շփվել է հյուրերի հետ:

Պարբերականը նկատում է, որ Ուիլյամի կրտսեր եղբոր՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի՝ թագավորական պարտականություններն ու լիազորությունները վայր դնելու և Միացյալ Թագավորությունից Կանադա տեղափոխվելու շոկային որոշման ֆոնին այժմ առանձնահատուկ ընդգծվում է Քեմբրիջների «խաղի մեջ» լինելու փաստը:

Ընդունելությունը բավականին կարևոր իրադարձություն է եղել Քեմբրիջների համար, որոնք Հարիի հեռանալուց հետո ցույց են տալիս իրենց կարևոր դիրքն ու նախապատրաստվում են ապագայում Ուիլյամի միապետ դառնալուն, գրում է աղբյուրը:
Նշվում է, որ թագուհի Էլիզաբեթ 2-րդն ինքն է խնդրել Ուիլյամին կազմակերպել ընդունելությունը: