Օզզի Օսբորնը բացահայտել է գաղտնի պահվող իր հիվանդությունը

Բրիտանացի ռոք երաժիշտ Օզզի Օսբորնը տառապում է Պարկինսոնի հիվանդության ձևերից մեկով: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին արտիստը խոստովանել է Good Morning America հաղորդման ժամանակ տված հարցազրույցի ժամանակ:

Երաժշտի կինը՝ Շերոն Օսբորնը, նշել է, որ ամուսնու հիվանդությունը «ոչ մի կերպ մահացու դատավճիռ չէ, սակայն նյարդերը վնասված են»: Նրա խոսքով՝ ամուսնու մոտ շատ հանգիստ օրեր են լինում, այնուհետև ամեն ինչ շատ վատ է դառնում:

71-ամյա երաժիշտը նշել է, որ մեղքի զգացողություն ունի, որ գաղտնի է պահել իր հիվանդությունը: «Ինչ-որ բան թաքցնելը շատ դժվար է, երբեք քեզ լավ չես զգում: Քեզ մեղավոր ես զգում: Ես վատ եմ գաղտնիքների հետ»,- ասել է արտիստը:

Օսբորնը հավելել է, որ մեկ տարի առաջ ծանր վիճակում էր գտնվում և վիրահատություն է տարել, այժմ էլ տարբեր դեղամիջոցներ է ընդունում: