Դրեզդենի օպերան Ռուզան Մանթաշյանին կրկին հրավիրել է ելույթ ունենալու

Semper Opera Ball փառատոնի ղեկավարությունը հայազգի օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանին կրկին հրավիրել է ելույթ ունենալ փառատոնին, որը տեղի կունենա փետրվարի 7-ին Դրեզդենի օպերայում, հայտնել է Եվրոպայի հայկական ասոցիացիաների ֆորումը (ФААЕ)։

Ինչպես հաղորդում է rusarminfo-ն, կազմակերպության ֆեյսբուքյան հայտարարությունում նշվում է, որ ФААЕ-ի ղեկավարության հետ կապ է հաստատել Semper Opera Ball-ի ղեկավար Հանս Յոահին Ֆրեյը և հայտնել կայացված որոշման մասին:

Ֆրեյը հայտնել է, որ օպերայի ղեկավարությունը որոշում է կայացրել վերականգնել Մանթաշյանի մասնակցությունը փառատոնին, ինչի մասին արդեն տեղյակ են պահել ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովին, ով հրաժարվել էր նրա հետ ելույթից:

Որոշման մասին հայտնել են նաև Massis Opéra գործակալությանը, որը ներկայացնում է երգչուհու շահերը: Այժմ սպասում են Ռուզան Մանթաշյանի որոշմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվող տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի տենորը «քաղաքական նկատառումներից ելնելով» էր հրաժարվել միևնույն բեմում ելույթ ունենալ Ռուզան Մանթաշյանի հետ, որից հետո նրանց ելույթը չեղարկվել էր