Dolce & Gabbana 2020 թվականի հավաքածուն՝ ոգեշնչված Ռուբենսի արվեստից

Dolce & Gabbana բրենդը կրկին հիացնում և զարմացնում է նորաձևության աշխարհով հետաքրքրված մարդկանց: Այս անգամ բրենդը ոգեշնչվել է բարոկկո ոճից, որի ամենանշանավոր նկարիչներից էր Պիտեր Պաուլ Ռուբենսը: Ռուբենսի գործերն աչքի են ընկնում իրենց բարդությամբ, գունային հարուստ լուծումներով, լույսի ու ստվերի գեղեցիկ հակադրություններով և որ ամենակարևորն է՝ մարդկային մարմնի շքեղ և մանրակրկիտ պատկերմամբ: Ռուբենսի կտավներում մարդիկ գեղեցիկ են, նրանց մարմիններն ու հագուստը պատկերված են ամենայն մանրամասնությամբ: Նրա գործերում մարդկային մարմնի գեղեցկությունը շատ հեռու է մեր օրերում ընդունված ստանդարտներից: Բարոկկո ոճի սկզբունքների համաձայն՝ Ռուբենսն իր ստեղծագործություններում պատկերել է փարթամ կազմվածքով ու շքեղ տեսքով մարդկանց, իսկ Dolce & Gabbana-ն շատ գեղեցիկ շեշտադրում է արել հենց այդ հանգամանքի վրա:

Արդեն երկու օր է բրենդի ինստագրամյան էջում հրապարակվում են 2020 թվականի գարուն-ամառ հավաքածուից նկարներ և տեսնյութեր, որոնք կարծես մեծանուն նկարչի կտավներից լինեն: Բրենդը նկարահանելով փարթամ կազմվածքով մոդելների, ևս մեկ անգամ նորաձևության աշխարհին կարևոր հաղորդադագրություն է ուղարկում, որ մարդիկ գեղեցիկ են, նույնիսկ երբ շատ հեռու են գեղեցկության 90-60-90 չափանիշներից: Այդ լուսանկարներն ու տեսանյութերը մեծ քննարկումների առիթ են դարձել ինստագրամում. մարդիկ հիացմունքի և գոհունակության խոսքեր են գրում բրենդին ու շնորհակալություն հայտնում մինչև 54 համարի հագուստ կրող կանանց Dolce & Gabbana կրելու հնարավորություն տալու համար:

https://www.instagram.com/p/B7oCgX9iJ8U/?utm_source=ig_web_button_share_sheet