Ոճաբան Արայիկ Գաբաջյանը` թրենդերի, ճաշակ թելադրող հայտնիների և նոր նախագծերի մասին

Հայտնի ոճաբան և պրոդյուսեր Արայիկ Գաբաջյանը 2020-ը դիմավորել է ընտանեկան միջավայրում: Women’s Club-ի ոճաբանն այս տարի էլ է շարունակելու համագործակցությունը նախագծի հետ, ինչպես նաև աշխատելու է «Եվրատեսիլ» և «Տարվա երգ» նախագծերի վրա:
Ոճաբանն աշխատում է նաև բազմաթիվ աստղերի հետ, որոնցից են Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Գայա Արզումանյանը, Արփին, Մարտին Մկրտչյանը և այլոք։ Գաբաջյանին է վստահվել նաև հագուստների ոճի ընտրությունը հումորիստ Միխայիլ Գալուստյանի նոր տեսահոլովակում, որը սիրվեց և մեծ քննարկումներ առաջացրեց համացանցում։
Ոճաբանի խոսքով նորաձությունն իր աշխարհն է, որտեղ նա ունի նորը տեսնելու ու ստեղծելու անսահմանափակ հնարավորություններ:

Արայիկ Գաբաջյանը Showbiz.am-ի հետ զրույցի ընթացքում խոսել է այս տարվա թրենդերի և ճաշակ թելադրող հայտնիների մասին, տվել ոճային լինելու խորհուրդներ։

– Նշեք այս տարվա ակտուալ գույները, որոնք պետք է իր զգեստապահարանում ունենա ցանկացած կին, ով ուզում է հետ չմնալ 2020 թվականի թրենդերից:

– Գույների առումով այս տարին շատ բազմազան է: Գարուն-ամառ հավաքածուներում գերակշռում են կապույտի երանգները, բայց ամառվանից սկսած ավելի ակտիվանալու են կանաչի, դեղինի և մանուշակագույնի բոլոր երանգները:

– Ի՞նչն է պակասում հայաստանյան դիզայներներին համաշխարհային նորաձևության մեջ առաջատար տեղ զբաղեցնելու համար:

-Հայ դիզայներներին պակասում են կապերը, խանգարում է մեզ մոտ ֆեյշն ինդուստրիայի ոչ զարգացած լինելու փաստը: Չկան նորաձևության շաբաթներ, որտեղ դիզայները կարող է ցույց տալ իրեն ու աչքի ընկնել: Իսկ այդ ամենի համար արտերկիր մեկնելը շատ մեծ ծախսերի հետ է կապված, որովհետև մոդելների ճանապարհածախսերը հոգալը և հագուստների տեղափոխումը իրականացնելը բարդ է:

– Խանգարում է արդյո՞ք հայ դիզայներների զարգացմանը հայկական շուկայի փոքր լինելը:

-Խանգարում է ոչ թե հայկական շուկայի փոքր լինելը, այլ մեր շուկայի թուրքական ու չինական ապրանքներով ողողված լինելը: Թրենդերը ամեն տարվա համար սահմանափակ են լինում ու բոլորն էլ գիտեն, թե ինչ արագությամբ են աշխատում Չինաստանն ու Թուրքիան: Ստացվում է, որ այդ նույն թրենդային հագուստները ներկրվում են ավելի ցածր գնով, քանի որ պատրաստվել են անորակ գործվածքներից և ավելի էժան աշխատուժի օգտագործմամբ: Դա խանգարում է հայ դիզայներների աշխատանքները շուկայում սպառելուն:

– Նշեք արտասահմանյան շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր ըստ Ձեզ նորաձև են և ճաշակ են թելադրում:

-Նորաձություն թելադրող հայտնիները շատ են: Մինչև մի քանի տարի առաջ ինձ համար նրանցից մեկը Ռիհանան էր: Այս տարի շատ աչքի է ընկել ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան:

– Ամենանորաձև ու ոճային հայ հայտնիների թոփ եռյակը Ձեր կարծիքով:

-Թոփ եռյակ կազմել չեմ կարող: Հիմա չկան այնպիսիք, որոնց իրոք կարելի է ոճային համարել: Եթե նրանք նորաձև են տեսահոլովակներում, համերգներին կամ եթերում, ապա առօրյա կյանքում նրանց մասին այդ կարծիքը հաստատ չկա: Ինձ համար, ներկայիս դրությամբ ոճային ու նորաձև է Սիրուշոն: Նրանից բացի կառանձնացնեմ Արմինկային, ով այստեղ չի բնակվում: Շատ հետաքրքիր է, որ մեր հայտնիները տեղափոխվելով Լոս Անջելես, մնում են այն «թվի տակ» որ թվականին գնացել են: Իսկ Արմինկան ինձ համար բացառություն է: Նա միշտ նորաձև է, միշտ ակտուալ է ու վառ:

– Դուք աշխատում եք բազմաթիվ հայտնիների հետ, նրանցից ու՞մ հետ է հեշտ աշխատել և ո՞վ է ավելի քմահաճ:

– Ես բոլորի հետ ինչ-որ չափով հաշվի եմ նստում՝ անկախ նրանից ճիշտ են նրանք, թե սխալ: Բայց իմ փորձը ցույց է տվել, որ վերջում արվում է այնպես, ինչպես ես եմ ուզում, չնայած որ սկզբում նրանց լսում եմ ու հավաստիացնում, որ լինելու է իրենց ցանկությամբ: Իրենք էլ վերջում համոզվում են, որ իմ առաջարկած տարբերակն իրենց համար ավելի լավն է:

– Ո՞ր աքսեսուարներների օգտագործումն է մատնում անճաշակ կնոջը:

– Անճաշակ կնոջը միանշանակ մատնում է զարդի, պայուսակի ու կոշիկի սխալ ընտրությունը:

– Ինչպե՞ս առանց շատ գումար ծախսելու լինել նորաձև:

– Գիտեք, հիմա մի քիչ դժվար է առանց գումար ծախսելու լինել նորաոճ և մոդայիկ, բայց հնարավոր է: Երևանում կան խանութներ, որտեղ կարելի է հագնվել մինիմալ բյուջեով, բայց շատ ճաշակով: Կարծում եմ պետք է ճիշտ ընտրել պայուսակն ու կոշիկը, ու այդ դեպքում հնարավոր է լինել նորաձև:

– Ձեր կարծիքով որքանո՞վ են հայ կանայք ու աղջիկները հետևում նորաձևությանը:

– Հայ կանայք ու աղջիկները վերջին մի քանի տարիների ընթացքում համահունչ են քայլում նորաձևության հետ: Դա իսկապես ողջունելի է թե իմ, թե մյուս ոճաբանների կողմից, որովհետև սկսել են օգտվել նաև հայ դիզայներների հավաքածուներից, անտեսելով շուկայում եղած անճաշակ ու ամեն քայլափոխին հանդիպող հագուստները:

– Գեղեցիկ ու ոճային լինելու երեք խորհուրդ Արայիկ Գաբաջյանից:

– Առաջինը` անպայման եղեք խնամված, երկրորդը` եթե չունեք մի քանի գույների ճաշակով համադրման կարողություն, ապա մի կրեք երկուսից ավել գույների համադրություն և երրորդը` խուսափեք ավելորդ ակցենտներից, հաշվի առնելով կառուցվածքի առավելությունները և թերությունները:

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան