«Կարող է՝ երկար չապրեմ». Օզի Օսբորնը` իր հիվանդության դեմ պայքարի մասին

Հայտնի ռոք երաժիշտ Օզի Օսբորնը նոր հարցազրույցում պատմել է Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի մասին՝ ենթադրելով, որ «կարող է երկար չապրել»:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Black Sabbath ռոք խմբի մենակատարը, ով իր հիվանդության մասին հայտնել էր ամսվա սկզբին, խոստովանել է, որ «վատառողջ լինելով հանդերձ՝ ինքը մեռնելու վերաբերյալ անհանգստություն չունի»:

Օսբորնի խոսքով՝ «երաժշտությունը լավագույն դեղամիջոցն է»:
«Տասնհինգ տարի հետո ես այլևս այստեղ չեմ լինի, բայց դա ինձ չի անհանգստացնում: Արդյոք մտածո՞ւմ եմ՝ երբ վերջս կգա, այո՛, մտածում եմ, բայց չեմ անհանգստանում»,- անկեղծորեն ասել է երաժիշտը:

Հայտնի է, որ Պարկինսոնի հիվանդությունը վնասում է մկանները, դանդաղեցնում շարժումները, առաջացնում քնի խանգարումներ, քրոնիկ հոգնածություն՝ կտրուկ գցելով կյանքի որակը: Այն պրոգրեսիվ նյարդաբանական վիճակ է, որը ոչնչացնում է ուղեղի այն հատվածի բջիջները, որը պատասխանատու է շարժումների համար:

Պարբերականը նկատում է, որ Օսբորն իր հիվանդության մասին պատմել էր կնոջ հետ տված անկեղծ հարցազրույցի ժամանակ՝ շոկի մեջ գցելով բազմաթիվ երկրպագուների: