Փառքի ծառուղում բացվել է ռեփեր 50 Сent-ի անվանական աստղը (լուսանկարներ)

Ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի աստղերից մեկը՝ ռեփեր 50 Сent-ը, իր անվանական աստղն է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում:

Ինչպես հայտնում է billboard.com-ը, անվանական աստղի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունվարի 30-ին: Միջոցառմանը ներկա են եղել ռեփերի մտերիմ ընկերները` պրոդյուսեր Dr. Dre-ն և ռեփեր Էմինեմը:
«Չեմ կարծում, որ այսպիսի կարիերա կունենայի առանց նրանց աջակցության»,- շնորհակալական խոսքում անկեղծորեն ասել է 50 Сent-ը:

Էմինեմն իր հերթին ասել է, որ հստակ հիշում է 2002թ. այն պահը, երբ առաջին անգամ հանդիպեց ռեփի ապագա աստղին:
«Ես միանգամից հասկացա, որ նա աստղ է դառնալու: Իսկ այսօր նա ոչ միայն բիզնես գործընկեր է ինձ համար, այլև լավագույն ընկերներիցս մեկը: Անկեղծ ասած՝ ավելի լավ է նրա ընկերը լինել, քան՝ թշնամին»,- եզրափակել է Էմինեմը:

Հայտնի է, որ 50 Сent-ի անվանական աստղը Փառքի ծառուղում դարձել է 2686-րդը: Փառքի ծառուղին Լոս Անջելեսի ամենահայտնի վայրերից է, ուր ամեն տարի մոտ տասը միլիոն մարդ է այցելում։