«Հիմա Հայաստանում շոու-բիզնես չկա». Ջուս

Միշտ վառ և էքսցենտրիկ երգչուհի Ջուսն այժմ աշխատում է նոր դուետի վրա երգիչ Սերգոյի հետ: Երգի հեղինակը Աղասի Գևորգյանն է, ով երգչուհու երգացանկից նաև մի քանի այլ երգերի հեղինակն է: Նոր երգը լինելու է ռուսական էստրադային ժանրում:
Ջուսը 2020-ը դիմավորել է բեմի վրա, հանդիպել իր կոլեգաներից շատերին ու մինչ առավոտ բարձր տրամադրությամբ նշել Նոր Տարին։

Showbiz.am-ի հետ զրույցի ընթացքում երգչուհին պատմել է էկրաններին քիչ երևալու պատճառների, մեռնող շոու–բիզնեսի, անձնական կյանքի և այլ հետաքրքիր մանրամասների մասին։

– Ինչու՞ ենք վերջին շրջանում Ձեզ ավելի քիչ տեսնում հեռուստատեսությամբ:

– Եթե լինում են հաղորդումներում մասնակցելու առաջարկներ, ես դրանք ընդունում եմ: Երաժշտական պրոյեկտներ է՛լ չեն արվում: Առաջ նախագծերը շատ էին, հիմա ոչ:

– Ձեր կարծիքով ինչի՞ հետ է կապված հայաստանյան շոու-բիզնեսի պասիվությունը:

– Քանի որ հեռուստատեսությամբ չեն արվում այնպիսի պրոյեկտներ, որոնց երգիչները կարող են մասնակցել, նրանք ելույթներ են ունենում ակումբներում ու այլ միջոցառումների ժամանակ: Հիմա Հայաստանում շոու-բիզնես չկա, որովհետև արտիստների 70% -ը տեղափոխվել է Ամերիկա կամ Ռուսաստան… դե այնտեղ հեշտ է փող վաստակելը:

– Ձեր վառ անհատականությունն ու կերպարը երբեք չեն մնում ստվերում, Դուք միշտ հայտնվում եք ուշադրության կենտրոնում: Կա՞ն այնպիսի օրեր, երբ ցանկանում եք աննկատ մնալ ու լինել բոլորի նման:

– Այո, լինում են այդպիսի օրեր, երբ այնքան ես հոգնում, որ ուզում ես քեզ ոչ ոք չտեսնի, ուզում ես հայտնվել էկզոտիկ բնության գրկում, կտրվել իրականությունից: Բայց տանը հանգստանալու իմ ձևն էլ ունեմ` մի ամբողջ օրով մեկուսանում եմ, ոչ մեկի չեմ տեսնում, ոչ -ոքի հետ չեմ խոսում, չեմ պատասխանում հեռախոսազանգերի և սոց կայքերի նամակներին, վերցնում եմ համեղ ուտելիքներ և ֆիլմեր եմ նայում:

– Ձեր ակումբային ելույթներն ու համերգները ուղեկցվում են շատ ակտիվ պարային համարներով: Ինչպե՞ս եք հանգստանում և վերականգնում ուժերը մի քանի ժամ անընդմեջ երգելուց ու պարելուց հետո:

– Քնում եմ: Ակումբային ելույթներս գիշերվա 10-ից մինչև առավոտյան 4-ն են տևում, և եթե լավ չքնեմ ուղղակի չեմ կարողանա դիմանալ այդ ռիթմին: Ելույթներից հետո առավոտյան զբաղվում եմ իմ գործերով, գնումներ եմ կատարում: Իսկ ցերեկը քնում եմ, որ վերականգնեմ ուժերս: Բայց ես գոհ եմ իմ աշխատանքից ու շատ եմ սիրում այն:

– Ձեր անձնական կյանքը միշտ հետաքրքրել է մարդկանց և բազմաթիվ քննարկումներ առաջացրել: Այժմ Դուք այն գաղտնի՞ եք պահում, թե՞ դեռ չունեք անպիսի նորություն, որով կարող եք կիսվել երկրպագուների հետ:

– Անձնական կյանք ընդհանրապես չունեմ: Այս աշխատանքային գրաֆիկի հետ անձնական կյանքն ուղղակի անհամատեղելի է: Այդ մարդը ուշադրություն կպահանջի, ես նրան պիտի ժամանակ տրամադրեմ, իսկ ես դա այս պահին չեմ կարող: Կամ էլ ինչպիսի՞ տղամարդ պիտի լինի, որ հանուն նրա ես պատրաստ լինեմ փոխել գրաֆիկս: Իմ կյանքում դեռ չկա այդ ջենթլմենը:

– Ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ երգարվեստով զբաղվող տղաներին և աղջիկներին շոու-բիզնեսում իրենց տեղը գտնելու համար:

– Պարտադիր է տաղանդ, աշխատասիրություն, վառ ու չկրկնվող կերպար ունենալը, որովհետև վերջին շրջանում շատ եմ տեսնում կատարողների, որոնց ո՛չ կերպարները և ո՛չ էլ երգերը իրարից բացարձակ չեն տարբերվում: Եթե ունենաս հովանավոր և կապեր, բայց չունենաս տաղանդ, հեռու չես գնա, շուտ կմոռացվես: Իսկ եթե համատեղվեն տաղանդը, վառ կերպարը, աշխատասիրությունը, կապերն ու փողը ապա կարող են նաև Բեյոնսե ստանալ (ծիծաղում է): Խորհուրդ կտամ սկսնակ երգիչներին չվազել փողի հետևից, այլ աշխատել նրա վրա, որպեսզի հիշվեն իրենց տաղանդով:

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան