«Իմ կողքին կապույտ ու սառը մարդը տեղ չունի»․ Լյուսի Հայրապետյանը՝ անձնականի և նոր նախագծերի մասին

Լյուսի Հայրապետյանին շատերդ կհիշեք այն բազմաթիվ գովազդներով, որոնցում նա հասցրել է նկարահանվել: Այս ժպտերես գեղեցկուհուն շատ են հրավիրում տարբեր ընկերությունների գովազդային հոլովակներում նկարահանվելու, բայց այդ ամենից առաջ նա պրոֆեսիոնալ մոդել և հաղորդավարուհի է: Լյուսի Հայրապետյանը այս ընթացքում նկարահանվում է նոր ու հետաքրքիր ֆոտո և հեռուստատեսային նախագծերում: Այդ ամենի և շատերին հետաքրքող այլ հարցերի պատասխանները հաղորդավարուհին տվել է Showbiz.am-ի հետ անկեղծ զրույցի ընթացքում:

 

– Գիտենք, որ տարվա սկիզբը Ձեզ համար աշխատանքային է եղել: Հասցրել ե՞ք հանգստանալ:

– Դեռ չեմ հասցրել, բայց շատ շուտով արդեն կլինեմ երկար սպասված հանգստի վայրում` արևային, ծովային ու տաք:

 

– Դուք հիանալի կերպով կարողանում եք համատեղել հաղորդավարուհու և մոդելային կարիերան: Ի՞նչ նոր պրոյեկտների սպասենք Ձեր մասնակցությամբ:

– Շնորհակալ եմ: Շուտով կտեսնեք ինձ «Նոր Հայաստան»-ի եթերում` որպես «Իմ Նոր Տունը» հաղորդաշարի հաղորդավար: Նկարահանումները սկսված են, մինչ ես կհանգստանամ առաջին եթերը կմեկնարկի։ Կա նաև նոր նկարահանում, որը շատ հանրային տարածում կունենա` բիլբորդեր, գովազդային վահանակներ… Համագործակցել եմ անվանի ընկերության հետ Վալենտինյան տոնական ֆոտոշարքով: Չակերտները չբացեմ. շուտով ձեզ կժպտամ փողոցի տարբեր հատվածներից։

– Դուք բավականին ակտիվ եք սոց կայքերում, կիսվում եք Ձեր մտքերով ու ֆոտոշարքերով: Լինում ե՞ն այնպիսի օրեր, երբ այնքան եք հոգնում հանրային ուշադրությունից, որ ուզում եք փակվել տանը և ընդհանրապես չշփվել:

– Անկե՞ղծ…ՈՉ: Նման օրեր չեն լինում, չափից շատ ակտիվ ու շփվող եմ, դրա համար բնականոն ընթացք է ինձ համար:

– Ի՞նչը կամ ո՞վ է օգնում Ձեզ այդքան կենսուրախ լինել աշխատանքային բավականին ծանրաբեռնված գրաֆիկի հետ:

– Սերը, ընկերներս, ընտանիքս, արևը, լույսը և հավատը, որ վերևում այն կարևոր մեկը տեսնում է իմ դժվար, բայց արդար ճանապարհը և հաստատ գնահատում է դա ու հսկում անդորրս:

– Ու՞մ եք առաջինը դիմում երբ խորհրդի կամ օգնության կարիք ունեք:

– Քույրիկիս, ծնողներիս, իմ մոտ ընկերուհուն` Լիլուշիս։

– Դուք երբեմն ձեր գրառումներում շատ նուրբ ու գեղեցիկ ակնարկներ եք անում սիրո և հարաբերությունների մասին, բայց չեք բացահայտում արդյոք Ձեր սիրտը զբաղվա՞ծ է թե ոչ: Ինչու՞։

– Չեմ սիրում մինչև վերջ… Անձնականում պետք է անձնական տարածք թողնել վերջիվերջո։ Եվ հետո, ամենևին վերջերս, նուրբ ասած, ինձ համար տհաճ բացահայտումներ եղան ընկերական հարաբերություններում, և նորից համոզվեցի, որ նույնիսկ շատ մոտ թվացող մարդկանց մեջ ունեմ 5 ուզող ու 15 չուզող: Սկսեցի ավելի հասուն դատել, երևի դրանից է:

– Որո՞նք են այն երեք հատկանիշները, որոնցով ՆԱ պետք է օժտված լինի:

– Ինձ շատ սիրի, ինձ շատ գրկի, ինձ շատ կարոտի, երբ հեռու լինեմ: Իսկ եթե այլ տեսանկյունից դիտենք, ապա առաջինը՝ լինի մաքրասեր և կոկիկ, երկրորդը՝ համբերատար, որ կարողանա ինձ դիմանալ ու անիմաստ դրամաներ չստեղծի մեր համատեղ կյանքում, իսկ եթե շատ սիրի, հաստատ համբերատար կլինի: Եվ երրորդը՝ իհարկե կրքոտ լինի, կյանքը մեջը եռացող ու տաք մարդ պետք է լինի հաստատ: Իմ կողքին կապույտ ու սառը մարդը տեղ չունի:

– Փորձեք պատկերացնել Ձեր կյանքը 10 տարի անց: Ինչպիսի՞ն է և ինչո՞վ է զբաղվում Լուսի Հայրապետյանը 10 տարի հետո:

– Այժմ շատ փոփոխական էտապ է կյանքումս. դժվարանում եմ պատասխանել: Բայց մի քանի բան հաստատ է․ էլի սիրելի գործով կզբաղվեմ, արդեն կունենամ իմ տաքուկ ընտանիքը, ինչ-որ նոր գործ էլ կլինի կարծում եմ:

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան