«Շահանե. պոետի գաղտնիքը» ներկայացման պրեմիերան՝ Ալեքսանդրինյան թատրոնում

Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի բեմում փետրվարի 7-8-ը հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու «Շահանե. պոետի գաղտնիքը» ներկայացումը:
Երևանում ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:

Սերգեյ Եսենինի մուսայի՝ Շահանե Տալյանի պատմությունը լի էր երջանկություն գտնելու հույսով և ազատության ձգտումով: 1924 -1925 թվականներին Եսենինը գործուղվել է Կովկաս: Բաթումիում նա ծանոթացել է հայ ուսուցչուհի Շահանե Թալյանի հետ, երիտասարդների միջև համակրանք է առաջացել: Սերգեյ Եսենինի «Պարսկական մոտիվներ» ժողովածուի «Շահանե, դու իմ Շահանե» բանաստեղծությունը հենց այդ զգացմունքների արտահայտությունն է:

Ներկայացման ռեժիսորը Կարո Բալյանն է։
Showbiz.am կայքի հետ զրույցում Կարո Բալյանը պատմում է՝ ինչու որոշեց բեմադրել հենց այս ստեղծագործությունը. «Առաջարկ եղավ Սանկտ Պետերբուրգում բեմադրել ներկայացում, որը հետաքրքիր կլինի թե՛ հայ, թե՛ ռուս հանդիսատեսին։ Ես առաջարկեցի բեմադրել «Շահանե. պոետի գաղտնիքը», նրանք սիրով համաձայնեցին:
Եսենինի կյանքի ամենակարևոր էտապներից մեկի հերոսուհին՝ հայուհի Շահանեն, շատ է հետաքրքրում և՛ հայ, և՛ ռուս հանդիսատեսին։ Դեռ դպրոցական տարիներից այս թեման ինձ հետաքրքրում և անգամ տանջում էր։ Երկար ժամանակ է, որ այս թեմային ցանկանում էի անդրադառնալ»։

Բացի այդ ռեժիսորը հարցազրույցներում նշում է, որ անդրադարձել է այս թեմային, որովհետև մեր հարևան երկիրը լուրեր է տարածում այն մասին, թե իբր Շահանեն ադրբեջանուհի է եղել: Նրա պնդմամբ՝ երբ խոսվում է Եսենինի մասին, չեն մոռանում նրա կանանց` Դունկանին, Ռայխին, Տոլստայային, բայց Շահանեին քչերն են հիշում, այնինչ վերջինս ոգեշնչել է Եսենինին ստեղծելու «Պարսկական մոտիվներ» բանաստեղծությունների շարքը, որում ընդգրկել է «Շահանե, դու իմ Շահանե» հանրահայտ ստեղծագործությունը:
«Չխոսել Շահանեի մասին, չպատմել այն իրականությունը, որ նա հայուհի էր, անթույլատրելի է»,- ասում է Կարո Բալյանը:

Սերգեյ Եսենինի մուսայի՝ Շահանե Տալյանի պատմությունը լի էր երջանկություն գտնելու հույսով և ազատության ձգտումով:

Սանկտ Պետերբուրգի Երաժշտական Կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Տատա Խաչատրյանն իր խաղով, փորձում է կենդանացնել եսենինյան պոետիկ հերոսուհուն:
Ներկայացման գաղափարը ծնվելուց հետո Կարո Բալյանը որոշեց սցենարի հարցում համագործակցել Կարինե Խոդիկյանի հետ:

«Փորձեցի ամեն ինչ հավաքագրել ու ստեղծել ռեժիսորական սցենար, ոչ թե դրամատուրգիական, որովհետև Կարինե Խոդիկյանի կողքին գտնվելով՝ գրել դրամատուրգիական ես չէի համարձակվի։ Իսկ ինքն էլ իմ կողքին էր և օգնում էր ինձ՝ կարևոր տեղեկություններ տալով։
Շատ շնորհակալ եմ Կարինե Խոդիկյանին, նա մեզ շատ օգնեց արխիվային փաստաթղթերով, այս ընթացքում հետաքրքիր բացահայտումներ եղան կերպարի մասին
»,- պատմում է Բալյանը:

Բալյանը հավելեց, որ ներկայացման իրականացման հարցում իրեն շատ են օգնել Շահանեի ազգականները`Հասմիկ Մարկոսյանը, Տեր Կյուրեղ քահանա Տալյանը, որը ներկայացման մեջ Շահանեի առաջին ամուսնության աղոթքն է կարդում:
Նկատենք, որ բեմադրությունը ռուսերեն է, աղոթքները` հայերեն:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան