«Մթի թագուհի». աֆրիկյան ծագմամբ մոդելը դարձել է տարբերվող արտաքինի ջատագով

Oddity Central-ն անդրադարձել է իր մուգ մաշկով հայտնի դարձած մոդել Նյաքիմ Գեթուեչին, ով ստացել է «Մթի թագուհի» մականունը: 26-ամյա մոդելը ծնվել է Հարավային Սուդանում, սակայն մեծացել է Եթովպիայի և Քենիայի փախստական ճամբարներում:

Նյաքիմը երբեք վատ չի զգացել իր մաշկի արտասովոր գույնի պատճառով, սակայն երբ ծնողների հետ 13 տարեկանում գաղթել է ԱՄՆ, նրա տարբերվող արտաքինը բազմաթիվ անգամներ ծաղրանքի առարկա է դարձել: Նյու Յորքի դպրոցում աշակերտներից շատերը վախենում էին իրենից, շատերն ուղղակի կատակներ անում մուգ մաշկի պատճառով:

Մոդելային կարիերան նա սկսել է 17 տարեկանում, այն էլ պատահաբար: Նրա ուսուցչուհիներից մեկը, ով նաև դիզայն է ուսումնասիրել, մի օր խնդրել է իրեն փորձել իր նախագծած զգեստը և շատ է հավանել Նյաքիմին այդ զգեստով: Այդ օրվանից նա մոդելի աշխատանքով է զբաղվում Մինեսոտայում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում:

Մոդելային գործունեություն ծավալելուց բացի նա դարձել է ինքնահաստատման պաշտպանն ու տարբերվող արտաքինի ջատագովը, ինչը դրսևորվում է նաև նրա ինստագրամյան էջում, որտեղ կես միլիոնից ավելի հետևորդներ ունի: