Ինչո՞ւ է Լայզա Մինելլին հրաժարվել դիտել աստղային մոր մասին «Ջուդի» կենսագրական ֆիլմը

ԱՄՆ հայտնի երգչուհի, դերասանուհի Լայզա Մինելլին մտադիր չի դիտել իր աստղային մայրիկի՝ հոլիվուդյան դերասանուհի Ջուդի Գարլենդի մասին «Ջուդի» կենսագրական ֆիլմը, որում գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Ռենե Զելվեգերը: Այս մասին գրում է variety.com-ը՝ մանրամասնելով, որ ռեժիսոր Ռուպերտ Գուլդի ֆիլմը պատմում է Գարլենդի կյանքի վերջին ամիսների մասին:

Աղբյուրը գրում է, որ 73-ամյա Մինելլին «զրոյական հետաքրքրվածություն» ունի այս ֆիլմի նկատմամբ:
«Մտադիր չեմ դիտել այն, բայց հույս ունեմ, որ Զելվեգերը հաճույք է ստացել նկարահանումներից»,- կարճ մեկնաբանել է Մինելլին:
Հատկանշական է, որ ֆիլմը դիտելուց հրաժարվել է նաև Մինելլիի քույրը՝ Լորնա Լաֆթը:
Մեկնաբանելով քույրերի դիրքորոշումը՝ Գուլդը նշել է, որ հասկանում է նրանց:
«Անձամբ ես վստահ չեմ, որ կցանկանայի մորս մասին ֆիլմ դիտել: Եվ դա չի նշանակում, որ մորս չեմ սիրում. պատճառն այն է, որ դա խիստ անձնական հարաբերություններ են: Լիահույս եմ, որ եթե այնուամենայնիվ դիտեն այն, կզգան իրենց մոր նկատմամբ մեր սերն ու գովաբանումը»,- ասել է կինոռեժիսորը:

«Ջուդի» ֆիլմում սյուժեն կենտրոնացած է դերասանուհու՝ ալկոհոլից և դեղահաբերից ունեցած կախվածության, ինչպես նաև նախկին ամուսնու հետ երկու երեխաների խնամակալությունը ստանալու հարցի շուրջ պայքարի թեմաների վրա:
Նշենք, որ Ռենե Զելվեգերն այս դերի համար առաջադրվել է հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։