Սիլվա Հակոբյանը՝ մայրության, նոր երգի ու երազանքների մասին

Դեռ մանուկ տարիքից իր հաստատուն քայլերն անելով դեպի երգարվեստ` Սիլվա Հակոբյանը, նաև իր աշխատասիրության շնորհիվ, դարձավ Հայաստանի ու սփյուռքի ամենասիրված ու սպասված երգչուհիներից մեկը։ Սիլվան հայտնի է իր թե՛ ուրախ ու ռիթմիկ, թե՛ մեղեդային ու հուզիչ կատարումներով։ Անցյալ տարվա երկրորդ կեսը երգչուհու համար իսկապես բախտորոշ ու հագեցած էր՝ դստեր ծնունդը, արտասահմանյան շրջագայություններն ու համերգները։ Երգչուհին սիրով կիսվում է երկրպագուների հետ փոքրիկ Միլայի լուսանկարներով։ Միլան նաև մայրիկի հետ առաջին անգամ բեմ բարձրացավ՝ Կրեմլում կայացած «Տաշի Շոուի»  ժամանակ։ Սիլվան ու փոքրիկը, միանման հագնված հայտնվեցին բեմի վրա, առաջացնելով հանդիսատեսի ու երկրպագուների հիացմունքը։

Սիլվա Հակոբյանը Showbiz.am-ի հետ զրույցում պատմել է ստեղծագործական նորությունների, երեխայի խնամքի ու կարիերայի համատեղման, երազանքների ու այլ հետաքրքիր թեմաների մասին։

Դուք անցյալ տարվա վերջին բավականին ակտիվ եք եղել՝ համերգներ, շրջագայություններ: Կարո՞ղ են արդյոք արտասահմում բնակվող Ձեր երկրպագուներն այս տարի նույնպես սպասել այդքան մեծամասշտաբ շրջագայությունների:

– Դեռ տարեսկիզբն է, բայց անելիքներս տարվա ընթացքում շատ են, այդ թվում և շրջագայություններս: Այնպես որ, համերգներ արտերկրում սպասվում են, իսկ ավելի մանրամասն մարդիկ կտեղեկանան գովազդներից:

Առաջիկայում ունե՞ք նոր երգի պրեմիերա: Եթե այո, ապա ինչի՞ մասին է այն լինելու:

– Այո, ունեմ` կոչվում է «Boom-boom»։ Այն պարի մասին է։ Շատ շուտով երգը հետաքրքիր տարբերակով կհանձնեմ հանդիսատեսի դատին։

Ձեր երիտասարդ տարիքի համեմատ Դուք բավականին շատ բան եք հասցրել անել՝ դարձել եք ճանաչված ու սիրված երգչուհի, աշխարհով մեկ ունեք երկրպագուների մեծ բանակ, ստեղծել եք գեղեցիկ ընտանիք ու արդեն ունեք հրաշք բալիկ: Ձեր կյանքում կա՞ն արդյոք չկատարված երազանքներ:

– Ամենանվիրական երազանքներս իրականացել են, բացի մեկից։ Հուսամ դա էլ կիրականացնեմ։ Ընդհանուր առմամբ շատ շնորհակալ եմ իմ կյանքից ու Աստծուց, որ այսչափ բախտավոր մարդ եմ։

Շատ կանայք երեխայի ծնունդից հետո չեն կարողանում համատեղել աշխատանքն ու բալիկի խնամքը: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում:

– Ակեղծ կլինեմ՝ բավականին դժվար է, բայց երբ կան օգնականներ, գործն իսկապես թեթևանում է։ Այդ առումով էլ է բախտս բերել։ Հիմա Միլան ժամանակիս ամենամեծ մասն է զբաղեցնում, բայց փորձում եմ նաև չմոռանալ սիրելի աշխատանքիս մասին ու հնարավորինս հաճախ նոր երգեր ներկայացնել հանդիսատեսին։

Գրեթե բոլոր կանայք ասում են, որ երեխայի ծնունդից հետո կյանքը փոխվում է՝ բաժանվելով երկու մասի՝ մայր դառնալուց առաջ և հետո: Այդ փոփոխություններն ավելի շատ են լինում, երբ մայրիկը հայտնի ու սիրված երգչուհի է: Հրաշք Միլայի ծնունդից հետո ի՞նչն է փոխվել Ձեր կյանքում:

– Ամեն ինչ՝ և՛ օրվա դասավորությունը, և՛ կյանքի հանդեպ մոտեցումներն ու արժեքները։ Միլան ամբողջովին վերաիմաստավորել է կյանքս ու ինձ է՛լ ավելի մանկացրել։

Երեխաները գրեթե ծնված օրից սկսում են ցույց տալ իրենց բնավորությունը: Փոքրիկ Միլան արտաքնապես շատ նման է հայրիկին: Իսկ ձեզանից ու՞մ է բնավորությամբ ավելի շատ նման:

– Դեռևս վաղ է հստակ ենթադրություններ անել, բայց կարծում եմ երկուսիցս էլ բնավորության գծեր ունի, որոնք ժամանակի ընթացքում կդրսևորի ու արդեն կհասկանանք, թե որ կողմն է ավելի շատ գերակշռում։

 

Դուք այլ հարցազրույցներից մեկում պատմել եք, որ Միլայի անունը ընտրել եք դեռ շատ վաղուց ու երազել եք դուստր ունենալ, որպեսզի նրան այդպես կոչեք: Ունե՞ք տղայի սիրելի անուն, որը կցանկանայիք տալ Ձեր որդուն:

– Ինչպես Միլայի դեպքում էր, այնպես էլ մեր ապագա որդու դեպքում անունն արդեն վաղուց որոշված է։ Նա կրելու է իր լուսահոգի պապիկի անունը՝ Աշոտ, ով ցավոք, այդպես էլ չկարողացավ տեսնել իր թոռնուհուն։

Շատ երեխաներ ու դեռահասներ են երազում երգիչ դառնալ, բայց մեր երկրում շատ են դեպքերը, երբ ծնողները պարտադրաբար ուղարկում են երեխաներին սովորելու այնպիսի մասնագիտություններ, որոնք ըստ իրենց ավելի լավն են, քան երեխայի երազանքը: Դուք վառ ապացույցն եք այն փաստի, որ եթե տաղանդավոր երեխային ընտանիքը հավատում ու քաջալերում է, ապա նա կարող է, իսկապես, աստղ դառնալ: Ի՞նչ խորհուրդ կտաք այն ծնողներին, ովքեր վախենում են պատկերացնել իրենց երեխայի ապագան երգարվեստում:

– Ասեմ, որ ես ինձ երբևէ չեմ համարել «աստղ»։ Աստղերը երկնքում են։ Ես արտիստ եմ, ով ունի ճանաչում և ինչու չէ, բավականաչափ սեր է վայելում հանդիսատեսի կողմից։ Ինչ վերաբերում է հարցին, կասեմ միայն, որ ծնողները միանշանակ ընդունեն իրենց զավակների այդ որոշումը և հնարավորինս աջակցեն, չկոտրեն նրանց մեջ այն տաղանդը, որը կարող է սրտեր գրավել։ Եթե Միլաս, իսկապես, լավ երգի, ես կօգնեմ նրան, բայց միջակ լինելու դեպքում կթողնեմ զբաղվի այն մասնագիտությամբ, որն իրեն ավելի դուր կգա։ Առանց այդ էլ միջակությունը հիմա շատ է։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան