«Պապա». ինչպե՞ս նկարահանել մի շարք հայտնի ու սիրված դերասանների մասնակցությամբ ֆիլմ առանց ֆինանսավորման - Showbiz.am

«Պապա». ինչպե՞ս նկարահանել մի շարք հայտնի ու սիրված դերասանների մասնակցությամբ ֆիլմ առանց ֆինանսավորման

By

«Ախր ո՞վ է փեթակում փող պահում, որ մի հատ էլ գան գողանան»,- հենց այսպես էլ սկսվում է  ռեժիսոր Տաթև Մկրտչյանի «Պապա» ֆիլմը, որի պրեմիերան կայացավ փետրվարի 5-ին:

Կատակերգական ֆիլմի սցենարի հիմքում իրական պատմություն էր հենց 22-ամյա ռեժիսորի կյանքից, ով կարողացել է առանց ֆինանսավորման նկարահանել մի ֆիլմ, որի բոլոր դերասանները հայկական շոու-բզինեսի աստղաբույլից են, և որը շուտով կմասնակցի մի շարք հեղինակավոր ու անվանի փառատոնների:

Ֆիլմում Գեղարդ գյուղի բնակիչ Վարուժանը մի առավոտ արթնանում է և պարզում՝ այն գումարը, որն ինքը կուտակել էր դստեր ուսման վարձը վճարելու համար, փեթակից գողացել են։ Գյուղում իրարանցում է  սկսվում։ Ընտանիքի անդամները, համագյուղացիները և ոստիկանությունը կասկածի տակ են առնում բոլորին, և դրա հետ մեկտեղ՝ ժամեր անց պարզվում է կորել է նաև գլխավոր հերոսի երեխան…

Զվարճալի պատմությունը, համեմված հայկական հումորով ու գյուղական քաղցր բարբառով, ռեժիսոր Տաթև Մկրտչյանի և նրա հայրիկի կյանքից էր։ Showbiz.am-ի հետ զրույցում Տաթևը պատմում է. «Ինձ համար սա հետաքրքիր ու կարևոր պատմություն էր հայրիկիս կյանքից, որը ես միշտ պահում էի մտքումս։ Սա առաջին անգամն էր, որ ֆիլմիս սցենարի հիմքում իմ սեփական պատմությունն էր»:

Ֆիլմում նկարահանվել են այնպիսի հայտնի ու հեղինակավոր հայ դերասաններ, ինչպիսիք են՝ Արթուր Մանուկյանը, Լալա Մնացականյանը, Լևոն Հարությունյանը, Մակար Գալստյանը, Անահիտ Կիրակոսյանը, Տոմա Պետրոսյանը, Տիգրան Գևորգյանը, Նիկոլայ Ծատուրյանը և այլք։

Սկսնակ ռեժիսորը հավատացնում է, որ իր համար ոչ թե դժվար էր կայացած դերասանների հետ աշխատելը, այլ ուսուցողական. «Ինձ համար դժվար չէր, իսկ այս աշխատանքն ինձ անասելի մեծ փորձ տվեց։ Չնայած նրան, որ ես էի ռեժիսորը, դերասանների հետ աշխատելու ընթացքում չափազանց շատ բան եմ սովորել»։

Բազմաթիվ սկսնակ կամ կայացած ռեժիսորներ մինչ օրս չեն կարողանում նկարահանել նման ֆիլմեր կամ համագործակցել մեծ ճանաչում ունեցող դերասանների հետ։
Ինչպե՞ս հաջողվեց երիտասարդ ուսանողին 40 հոգուց բաղկացած նկարահանման խմբով՝ հայտնի դերասաններ, կինոոլորտի լավագույն օպերատորներ, բեմանկարիչներ, օրեր շարունակ նկարահանումներ անցկացնել Գեղարդ գյուղում և այն էլ առանց ֆինանսավորման, պատմում է  ֆիլմի պրոդյուսեր Ծովինար Մկրտչյանը. ««Պապա» ֆիլմում նկարահանվում էր 13 հայտնի դերասան, որոնք աշխատում էին  միայն հանուն գաղափարի։ Իհարկե, եղել են աննշան ծախսեր, սակայն կարելի է ասել, որ ֆիլմը նկարահանվել է մինիմալ ֆինանսներով»:

Պրոդյուսերը նաև հավելեց, որ Մոսկվայում նման ֆիլմեր հաճախ են նկարահանվում, որովհետև կայացած դերասանները մեծ սիրով աջակցում ու մասնակցություն են ցուցաբերում ուսանողական նախագծերում։

Հայտնի դերասան և ռեժիսոր Լևոն Հարությունյանն իր անմիջական մասնակցությունն է ունեցել ֆիլմի ստեղծման պատմության մեջ. նա «Պապա» ֆիլմի երկրորդ ռեժիսորն է։

Լևոն Հարությունյանը  կատակում է ասելով, որ նկարահանման հրապարկում նա բոլորին խանգարում էր, սակայն երիտասարդ ռեժիսորի մոտեցումն ու աշխատանքը հիացնում էին նրան.«Ֆիլմում ես երկրորդ ռեժիսորն էի, սակայն չափազանց քիչ եմ խառնվել, որովհետև սերունդների հսկայական տարբերություն կար։ Ամենակարևորն այն էր, որ ֆիլմը մարդու մասին էր. ռեժիսորը ցանկանում էր ցույց տալ ոչ թե ֆիլմ նկարահանելու իր հմտությունը, այլ ֆիլմում մարդուն, մարդու տեսակը, խնդիրները, սերը։ Որպես երկու սերունդների ներկայացուցիչներ տարբեր էին նաև մեր մոտեցումները. ես ֆիլմն ավելի մանրակրկիտ էի տեսնում, իսկ Տաթևը տեմպի մեջ:Նոր սերունդը շտապում է, բայց ցանկանում եմ, որպեսզի պարզ պատկերացնի, թե դեպի ուր…»։

Ֆիլմի դերասաններից էր նաև ռեժիսոր, թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, ով, որպես ֆիլմի գլխավոր առանձնահատկություն, նշեց անմիջականությունը՝ հավելելով, որ այն բավականին ճիշտ ու գրագետ ձևով է նկարահանված. «Նոր սերնդի ռեժիսորների մեջ հավանում եմ ակտիվությունը, էներգիան, կրակը։ Եղել են շատ հարցեր, որոնց հետ ես համաձայն չեմ եղել, քննարկել եմ, քննադատել եմ և՛ ռեժիսորի, և՛ պրոդյուսերի հետ ու միշտ ընդհանուր համաձայնությամբ լուծել ենք դրանք»։

Ֆիլմում գլխավոր հերոսի կինը, ով մարմնավորում էր հենց ռեժիսորի մայրիկին, կատարել է  դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը։ Դերասանուհին ֆիլմն անվանեց կոլորիտային ու համով՝ գտնելով, որ այն իրական հայկական պատմություն է. «Ֆիլմից զգացվում է անգամ գյուղի շունչը, այն մաքուր է, անկեղծ ու կոլորիտային։
Ֆիլմում կա մի տեսարան, որտեղ մենք՝ համագյուղացիներով ճաշում ենք ու մեկ էլ հորդառատ անձրև է սկսվում։ Սա, թերևս, իմ մեջ շատ է տպավորվել, որովհետև մենք ունեինք մեկ դուբլի հնարավորություն, այլևս կրկնել չէինք կարողանալու
. բոլորս միահամուռ ուժերով կարողացանք նկարահանել այդ տեսարանը, ուրախ եմ, որ «Պապա» ֆիլմի մի մասնիկը դարձա»։

Չնայած այն բանին, որ ֆիլմի վրա կատարվել է ահռելի աշխատանք, ծախսվել է բավականին ժամանակ, այն դեռ չի հայտնվի ոչ հեռուռտաէկրաններին, ոչ էլ համացանցում։
Ֆիլմը փառատոնային է և շուտով կմասնակցի Ֆիլմերի և երաժշտության միջազգային «Կուստենդորֆ» փառատոնին, որի հիմնադիրը Եվրոպայի խոշորագույն փառատոնների մրցանակակիր, Կաննի կինոփառատոներում երկու «Ոսկե արմավենու» դափնեկիր Էմիր Կուստուրիցան է։ Ֆիլմը կմասնակցի նաև շատ այլ հեղինակավոր փառատոնների:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

 

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Մենք մեր երկիրը հանձնում ենք ներսից՝ մոռանալով պատմության էջերը, տարրական հարգանքն ու հանդուրժողականությունը». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում կիսվել է 2016 թվականի դեկտեմբերին արված իր գրառմամբ՝ նշելով, որ այն արդիական...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Դավաճանի պիտակը հերոսի վրա զոռով-շառով կախողն ուշ, թե շուտ սեփական ճակատին է դաջում այն». Ավետ Բարսեղյան

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակին:...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Տիգրանը ճիշտ էր, ես սխալվեցի. շարունակում ենք իրար միս ուտել նախկին ու ներկա իշխանավորի համար». Նելլի Խերանյան

ՀՀ վաստակավոր արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Նելլի Խերանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով...
Ավելին