Հայտնի են դարձել «Օսկար 2020»-ի հաղթողները

Լոս Անջելեսում երեկ ավարտվեց «Օսկար» կինոմրցանակաբաշխության հանձնման 92-րդ արարողությունը։ Ինչպես միշտ շքեղ շոու, հետաքրքիր երաժշտական համարներ։
Օրինակ՝ բեմում անակնկալ ելույթ ունեցավ Էմինեմը, ում դահլիճը ծափահարում էր հոտնկայս։

Երեկոյի սենսացիա դարձավ կորեացի ռեժիսոր Պոն Չժոն Հոյի «Մակաբույծները» ֆիլմը։ Սոցիալական դրաման «Օսկար»-ի արժանացավ չորս, ըստ էության, գլխավոր անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն օտարալեզու ֆիլմ»։

Տաղանդավոր ու համակրելի Բրեդ Փիթը վերջապես ստացավ իր առաջին դերասանական «Օսկար»-ը Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար։ Նկատենք, որ պայքարը հեշտ չէր. անվանակարգում Փիթի մրցակիցներին էին Ջո Պեշին, Ալ Պաչինոն, Էնթոնի Հոփկինսը և Թոմ Հենքսը։

 

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող ճանաչվեց Խոակին Ֆենիքսը Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմում դերի համար։

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լորա Դերնն «Ամուսնական պատմություն» ֆիլմում աշխատանքի համար։

 

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակ ստացավ Ռենե Զելվեգերը «Ջուդի» ֆիլում Ջուդի Հարլենդի դերի համար։

«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգ՝ Ռոջեր Դիքինս (ֆիլմը՝ «1917»):
«Լավագույն ձայնային մոնտաժի» համար օսկարի է արժանանում Սեմ Մենդեսի «1917» ֆիլմը:
«Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում մրցանակակիր է դառնում «1917» ֆիլմը: Սա, ի դեպ, ֆիլմի արդեն 3-րդ մրցանակն է:

Լավագույն մոնտաժ է համարվել աշխատանքը «Ford-ն ընդդեմ Ferrari» ֆիլմում, որը մրցանակի է ստացել նաեւ լավագույն ձայնային մոնտաժի համար:

Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմն իր առաջին «Օսկար»-ը ստացավ լավագույն երաժշտության համար։ Մրցանակը ստացել է Հիլդա Գուդնադոութիրը:Նա հեղինակել է նաեւ աղմուկ հանած «Չեռնոբիլ» սերիալի երաժշտությունը։

Էլթոն Ջոնը մրցանակ է ստացել լավագույն սաունդթրեքի համար՝ «Rocketman» ֆիլմում «love me again» երգի համար:

Լավագույն դիմահարդարման և վարսահարդարման համար մրցանակի է արժանանում «Սկանդալ» ֆիլմի թիմը՝ Քաձու Հիրոն, Էնն Մորգանը և Վիվիան Բեյքերը:

«Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում մրցանակ տրվեց «Ամերիկյան գործարան» ֆիլմին:«Լավագույն բեմադրող նկարիչ» անվանակարգում հաղթեցին Բարբարա Լինգը և Նենսի Հեյը:

«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցանակի արժանացավ «Մազոտ սերը»: Մուլտֆիլմի հեղինակ Մեթյու Ա Չերրին հաղթանակը նվիրեց Քոբի Բրայանթին:
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգի հաղթողը «Խաղալիքների պատմություն 4»-ն է: