Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը կայցելեն անտառային հրդեհներից տուժած ավստրալական քաղաքներ

Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, պատրաստվում են Ավստրալիա այցելել, հայտնում է Daily Mail պարբերականը՝ մանրամասնելով, որ թագավորական զույգն այցելելու է ամիսներ շարունակ Ավստրալիան պատուհասած զանգվածային անտառային հրդեհների հետևանքով ավերված և տուժած քաղաքներ:

Պարբերականը նկատում է, որ Քեմբրիջներին «շոկի է մատնել» անտառային հրդեհների պատճառած վնասի ահռելի չափը: Ներկայում թագավորական զույգն Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի հետ համաձայնեցնում է կայանալիք ուղևորության դետալները: Հայտնի է, որ ամուսինները կայցելեն Նոր Հարավային Ուելս, Վիկտորիա նահանգներ, ինչպես նաև երկրի հարավ:

Նշվում է, որ արքայազն Ուիլյամի համար սա կլինի դեպի Ավստրալիա հինգերորդ ուղևորությունը, մինչդեռ որպես զույգ՝ Քեմբրիջները վերջին անգամ Ավստրալիայում էին եղել վեց տարի առաջ:

Հիշեցնենք, որ անտառային հրդեհների հետևանքով Ավստրալիայում այրվել է մի քանի միլիոն հեկտար մակերեսով տարածք, ոչնչացվել է հազար տուն, զոհվել` 17 մարդ: Բացի այդ, հրդեհներն ավելի քան 1 մլրդ կենդանու անկման պատճառ են դարձել