«Առաջին անգամ Հայաստան գալիս՝ ընտանիքս ինձ նախանձում էր»․ «Դեպի Եվրատեսիլի» մասնակից, հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը՝ իր երգի, սպավող ալբոմի ու հայաստանյան ծրագրերի մասին

Հունահայ ճանաչված երգչուհի, բրիտանական X Factor-ի մասնակից Աթենա Մանուկյանն այս օրերին գտնվում է Հայաստանում՝ մասնակցելու «Դեպի Եվրատեսիլ» երաժշտական նախագծին, որում կընտրվի «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան մասնակիցը։

Այսօր՝ փետրվարի 12-ին, տեղի ունեցած ասուլիսում, որին ներկա էր նաև ShowBiz.am-ը, երգչուհին խոսել է իր եվրատեսիլյան երգից, սպասվող երաժշտական ալբոմից, ինչպես նաև նոր պլաններից, որոնց իրականացումը կապում է Հայաստանի հետ։

«Ես մշտապես ցանկացել եմ մասնակցել Եվրատեսիլին և ներկայացնել Հայաստանը։ Այս տարի ամեն ինչ բարեհաջող դասավորվեց. երգն էլ պատրաստ էր, և ես որոշեցի մասնակցել Եվրատեսիլին, որովհետև վաղուց ունեի այդ ցանկությունը, ինչպես նաև ուզում էի Հայաստանին հպարտանալու նոր առիթ տալ»,- ասաց Աթենա Մանուկյանը։

Երգչուհին անդրադարձավ նաև մրցույթում իր մրցակիցներին, նրանց հիանալի հնարավորություններին ու անսահման ներուժին՝ նշելով, որ բոլոր մասնակիցներն էլ յուրահատուկ են ու նրանցից յուրաքանչյուրի երգն էլ առանձնահատուկ է։ Վերջինս նաև վստահություն հայտնեց, որ նրանցից յուրաքանչյուրն էլ լավ ժամանակ է անցկացնելու շոուի ժամանակ ու շատ լավ ելույթ է ունենալու։

Աթենան ներկաների հետ կիսվեց, թե ինչպես է կատարվել երգի ընտրությունը և թե որն է դրա գլխավոր ուղերձը․ «Ես իմ ստուդիայում էի և երգեր էի գրում իմ ալբոմի համար, որը շատ շուտով լույս կտեսնի։ Մենք այս երգը գրել ենք իմ պրոդյուսերի՝ DJ Պակոյի հետ՝ միասին ստեղծելով երաժշտությունը, ինչպես նաև բառերը։ Հիմնական մեսիջն այն է, որ մենք բոլորս մեր ներսում մի շողշողուն ադամանդ ունենք և շատ է լինում, որ մյուսները ցանկանում են այդ ադամանդը խլել մեզնից, բայց այդ ադամադը շողում է միայն այն ժամանակ, երբ այն ինքներս ենք կրում։ Մեզնից յուրաքանչյուրն ունի իր արժեքն ու տաղանդը, և, վերջիվերջո, այն մի օր կճանաչվի ու կգնահատվի»։

Զրույցի ընթացքում Աթենա Մանուկյանն առաջին անգամ խոսեց իր սպասվող ալբոմից՝ հայտնելով դրա անունը, ինչպես նաև հետաքրքիր մանրամասներ պատմեց դրա բովանդակությունից․ «Ես ոչ մի տեղ այս մասին դեռևս չեմ ասել, բայց հիմա կհայտարարեմ, որ իմ ալբոմի անունը «Pure Seduction» է։ Նշեմ, որ ալբոմը ներառելու է հինգ երգ, որոնցից երկուսը լինելու են բալլադներ, հիմնականում պարային երգեր են ներառված՝ R&B ոճի»։

Աթենան չմոռացավ նաև հայտնել այն պլանների մասին, որոնք կապված են Հայաստանի հետ՝ հույս հայտնելով, որ շուտով կներկայանա նաև հայերեն երգերով։ «Ես շատ կցանկանամ հայերեն երգել և նաև Հայաստանը բացահայտելու ծրագրեր ունեմ։ Ցանկանում եմ՝ որքան հնարավոր է շատ վայրեր բացահայտել․ ուզում եմ տեսնել Գեղարդը, Եղեռնի հուշահամալիրը, Կարապի լիճը»,- ասաց Աթենան և հավելեց, որ ճիշտ է՝ հիմա այդքան ժամանակ չունի և զբաղվածությունը մեծ է, բայց կցանկանա մնալ ավելի շատ վայրեր այցելելու համար։

Երգչուհին նաև ծիծաղելով հիշեց, թե ինչպես էր ընտանիքն իրեն նախանձում, երբ նա առաջին անգամ գալիս էր Հայաստան, քանի որ իրենք էլ միշտ ցանկացել են լինել իրենց հայրենիքում։

Աթենա Մանուկյանը վստահություն հայտնեց, որ ինքը պատրաստ է Հայաստանը ներկայացնելու միջազգային հարթակներում, քանի որ հանդես է եկել տարբեր շոուներում և նախագծերում, ունի բավարար փորձ․ «Ես կարող եմ շատ լավ շոու անել, ճիշտ ներկայանալ բեմին և բարձր պահել Հայաստանի անունը»։

Երգչուհին ասաց, որ փետրվարի 15-ին «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ընթացքում հանդիսատեսին ու հեռուստադիտողին հետաքրքիր և անմոռանալի անակնկալներ են սպասվում անձամբ իր կողմից։ Աթենան հավելեց, որ իրենք դրա համար ջանք ու եռանդ չեն խնայել։

Երգչուհին առաջիկայում պլաններ ունի մնալ Հայաստանում, երգեր ստեղծել, ինչու չէ՝ նաև համագործակցել հայ աստղերի հետ։
Աթենան այս կարճ ժամանակահատվածում հասցրել է որոշ հայերեն բառեր սովորել․ «Բարև ձեզ», «Ո՞նց եք», «Լավ եմ», «Ես հպարտ եմ Հայաստանով», «Ես հպարտ եմ, որ հայ եմ», «Շնորհակալություն» և մի շարք այլ արտահայտություններ, որոնք արտաբերելիս Աթենան որոշ դժվարություններ էր ունենում, սակայն դա ավելի էր գեղեցկացնում իր խոսքն ու զրույցն ավելի անմիջական դարձնում։

Հեղինակ՝ Լուս Ավագյան