«Օսկար» մրցանակաբաշխությանը Էմինեմի ելույթից հետո նրա երգի վաճառքի ծավալները կտրուկ աճել են

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության 92-րդ արարողությանն ամերիկացի հայտնի ռեփեր Էմինեմի անսպասելի ելույթից հետո նրա Lose Yourself երգի վաճառքի ծավալները կտրուկ աճել են, հայտնում է hollywoodreporter.com-ը։

Այսպիսով` կիրակի օրը այս երգը ներբեռնվել է (վճարումից հետո) 4000 անգամ, իսկ շաբաթ օրը՝ ընդամենը 200: Ընդհանուր առմամբ, երգչի բոլոր ստեղծագործությունները սկսել են ավելի մեծ տարածում գտնել, ընդհանուր դրանք կիրակի ներբեռնվել են 7000 անգամ, իսկ շաբաթ օրը ՝ 2000 անգամ:

Lose Yourself երգը ձայնագրվել է 2002 թվականին «Ութերորդ մղոն» ֆիլմի համար, իսկ 2003 թվականի մարտի 23-ին երգիչը «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում արժանացել է «Օսկար» մրցանակի: Էմինեմը հեղինակային իրավունքը կիսել է Ջեֆֆ Բասի և Լուիս Ռեստոյի հետ, սակայն նախորդ անգամ ո՛չ ռեփերը, ո՛չ էլ Բասն արարողությանը ներկա չէին գտնվել։

«Շնորհակալ եմ կինոակադեմիային: Ներողություն եմ խնդրում, որ այստեղ գտնվելու համար ինձնից 18 տարի պահանջվեց»,- գրել է արտիստը Թվիթեր սոցիալական կայքի իր էջում: