Valentine’s Day. «Շըխկ-թըխկ, սեր և սուրճ». Արաքսյա Մելիքյանի և Անդրանիկ Զաքարյանի երջանկության բանաձևը - Showbiz.am

Valentine’s Day. «Շըխկ-թըխկ, սեր և սուրճ». Արաքսյա Մելիքյանի և Անդրանիկ Զաքարյանի երջանկության բանաձևը

By

Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ, Showbiz.amը որոշեց զրուցել հայկական շոու-բիզնեսի հայտնի զույգերի հետ ու ստանալ նրանցից իրենց ծանոթության պատմության, հարաբերությունների, զգացմունքների ու այլ «սիրային» հարցերի պատասխանները։ Նախապես կազմված հարցաշարին պատասխանել են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։

Այսպիսով, մեր ընթերցողներն ունեն հնարավորություն տեսնելու, թե ինչպե՞ս են նույն հարցերին պատասխանում հայտնի զույգերից յուրաքանչյուրը, որքանո՞վ են նրանք միմյանց ճանաչում, համընկնում են արդյո՞ք նույն հարցի պատասխանները, երբ պատասխանում են կինն ու տղամարդը։

Հետևելով այս ռոմանտիկ հարցազրուցների շարքին, Showbiz.amի ընթերցողների համար պարզ կդառնա, թե հայտնիներից հատկապես ո՞ր զույգն է ամենաներդաշնակն ու միմյանց լավ ճանաչողը։

Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասաններ Արաքսյա Մելիքյանն ու Անդրանիկ Զաքարյանը ծանոթ են հեռուստադիտողներին նաև բազմաթիվ սերիալներից, որտեղ բավականին հաճախ նրանք մարմնավորում են հենց ամուսինների: Երկար տարիների ընթացքում գեղեցիկ զույգի սերը ոչ միայն չի մարել, այլ նաև դարձել է ավելի ամուր և մեծ: Հումորով, ջերմ ու հարազատ. այսպիսին են նրանք թե՛ հեռուստադիտողի առջև, թե՛ ընտանիքում միմյանց նկատմամբ:
Աստղային զույգը կիսվել է ընտանեկան կյանքի հետաքրքիր ու հումորային մանրամասներով: Շատերը նրանց ընտանեկան պատմության մեջ կարող են տեսնել նաև իրենց:

1.Կպատմե՞ք՝ ինչ զգացիք Ձեր առաջին հանդիպման ընթացքում

Արաքսյա. Առաջին հանդիպմանը ոչ մի արտառոց բան չեմ զգացել. նա առաջին անգամ մտավ մեր կուրս 10 օր ուշացումով ու իմ առաջին տպավորությունը հետևյալն էր՝ «ահա և իմ ամուսինը»:
Նա ներս մտավ բավականին ինքնավստահ կերպով, թատերականում սովորող տղաներին ոչ բնորոշ տեսք ուներ՝ դեղին վերնաշապիկ էր կրում և փայլուն կոշիկներ:
Անդրանիկ. Շփվել ենք սկզբում որպես կուրսեցիներ. մտածում էի, որ խելոք ու շատ շնորհքով աղջիկ է:

2.Հիշու՞մ եք, թե երբ առաջին անգամ հանդիպեցիք
Արաքսյա. Լսարանում, սեպտեմբեր ամսին՝ դասի ժամանակ:
Անդրանիկ.Ինստիտուտում ենք հանդիպել,սեպտեմբեր ամիսն էր:

3.Ո՞րն է նրա բնավորության մեջ Ձեր ամենասիրելի և ոչ այդքան սիրելի գիծը
Արաքսյա. Սիրում եմ նրա ազնվությունը, ինքնավստահությունը: Իսկ չսիրելի գիծն այն է, որ գաղափարները մեռնում են ուղեղի մեջ դանդաղկոտության պատճառով:
Ինձ նյարդայնացնում է նրա՝ ամեն մի մանրուք չափազանց շատ ուշադրության արժանացնելու հատկանիշը: Կոպիտ ասած՝ թեթև նայելու հատկություն չունի:
Անդրանիկ. Արաքսյան շատ աշխատասեր է ու նպատակասլաց, ընտանիքին նվիրված:
Չեմ սիրում, որ լեզվին է տալիս. մինչև վերջին բառը պետք  է պատասխանի անպայման:
Նյարդայնացնում է այն, որ եթե առավոտյան Արաքսյան արթնացել է, ապա ողջ տունը պետք է արթնանա: Շըխկ, թըխկ, ջարդ-ավերած է, և կարծում եմ ՝դա դիտավորյալ է արվում:

4.Ի՞նչ է անում Ձեր սիրելին, երբ ցանկանում է ներողություն խնդրել Ձեզնից, Ձեր սիրտը շահել
Արաքսյա. Սուրճ է պատրաստում և ասում. «Հա դե հասկացանք, սպանեցիր, ես էլ սենց եմ»:
Անդրանիկ. Սուրճ ենք պատրաստում միմյանց համար, երբ ցանկանում ենք բարիշել:

 

5.Ձեր բնավորության ո՞ր գիծն եք դուք փոխել հանուն նրա
Արաքսյա. Ավելի զգուշավոր եմ դարձել՝  լեզվիցս դուրս թռած արտահայտությունների մեջ և նաև վարքի, պահվածքի մեջ:
Անդրանիկ. Կարող է կան գծեր, որ ինքնաբերաբար են փոխվել ու ես չեմ էլ զգացել. կանայք այնպիսի տիպ են, որ կարող են կամացկամաց իրենց ուզածին հասնել:

6.Ո՞վ է առաջինը խոստովանել, որ սիրում է
Արաքսյա. Նման հատուկ խոսակցություն չի եղել, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում: Բայց հիշում եմ, որ մի անգամ մոտեցա ու ասացի. «Եթե ինձ սիրում ես, միանգամից ամուսնանանք, էլ ինչ ես դես ու դեն ընկել»:
Անդրանիկ. Արաքսյան է ասել, որ ինձ սիրում է: Եթե չեմ սխալվում ասաց. «Արդեն հոգնեցի՝ կամ ասում ես այո, կամ ոչ»:

7.Ո՞վ է ավելի էմոցիոնալ
Արաքսյա. Ես. սկանդալներ ու հիստերիաներ սարքելու մեծ վարպետ եմ, բայց նաև շատ արագ հանգստանալու, ժպտալու ու սուրճ մատակարելու վարպետ:
Անդրանիկ. Երկուսս:

8.Ո՞վ է ավելի ներողամիտ
Արաքսյա. Երկուսս էլ ներողամիտ ենք. մեկմեկ ես եմ քեն քշում, մեկմեկ ինքը, բայց հիմնականում երկուսս էլ ներողամիտ ենք:
Անդրանիկ. Ես:

9.Ո՞վ է ավելի շատ անակնկալներ սիրում
Արաքսյա. Երկուսս էլ:
Անդրանիկ. Հավասարաչափ: Եթե հնարավորություն է լինում, օրվա ընթացքում միմյանց անակնկալներ ենք մատուցում:

10.Ո՞վ է ավելի շուտ արթնանում
Արաքսյա. Ես. շուտ արթնանում եմ, շուտ էլ քնում եմ:
Անդրանիկ. Արաքսյան:

11.Ո՞վ է ավելի ռոմանտիկ
Արաքսյա. Ռոմանտիկ բաներ սիրում եմ մտածել, բայց քիչ եմ իրագործում:
Անդրանիկ. Երկուսս:

12.Ո՞վ է ավելի ինքնավստահ
Արաքսյա. Միանշանակ՝ Անդրանիկը:
Անդրանիկ. Երկուսս:

13.Ո՞վ է ավելի համառ
Արաքսյա. Անդրանիկը:
Անդրանիկ. Երկուսս:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ