Վահագն Խաչատրյանի և Լուսին Վարդանյանի երեխաների մկրտությունն ու 40 օրական որդու առաջին լուսանկարները

Դերասան-ամուսիններ Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանն երեկ` փետրվարի 15-ին, մկրտել են իրենց երեխաներին՝ 6-ամյա Ռուզաննային և 40 օրական Արային:

Արարողությունը տեղի է ունեցել Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

«Միշտ ասում էինք, որ Ռուզիկիս պիտի մկրտենք, հետո մտածեցինք՝ սպասենք մեր երկրորդ երեխան էլ ծնվի, միասին մկրտենք երեխաներին: Պիտի ամռանը կազմակերպեինք կնունքը, բայց մի քանի օր առաջ հանպատրաստից որոշեցինք ավելի շուտ մկրտել նրանց: Քանի որ այսօր լրանում էր Արայի 40 օրականը, միանգամից օգտագործեցինք այդ առիթը»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասել է Լուսինը:

Դերասանուհին նաև հայտնել է, որ օրվա առթիվ մեծ խնջույք չեն կազմակերպել: Եկեղեցական արարողությանը հաջորդած միջոցառմանը ներկա են եղել միայն ամենամոտ հարազատները:

Երեխաների կնքահոր և կնքամոր դերը ստանձնել են Վահագնի քեռին՝ Ստեփան Վարդանյանը և նրա կինը՝ Անահիտ Նահապետյանը: Դերասանուհին նաև նշել է, որ շատ է կարևորում մկրտության խորհուրդը. «Կարծում եմ՝ մկրտությունը շատ կարևոր է ամեն հայի համար: Մենք քրիստոնյա ենք: Իմ մեջ մեծ հավատք կա և ուզում էի, որպեսզի երեխաներս մկրտված լինեն»: