«Իրական մարդիկ՝ իրական պատմության կենտրոնում». Արմեն Ամիրյանի՝ «Գեներալի երազը» հեղինակային պիեսը կբեմադրվի Լոս Անջելեսում

Շուտով Լոս Անջելեսում թատերասերների դատին կներկայացվի Արմեն Ամիրյանի՝ «Գեներալի երազը» հեղինակային պիեսի հիման վրա բեմադրված տրագիկոմեդիան:
«Գեներալի երազը» Արմեն Ամիրյանի պայծառ, լավատես, միևնույն ժամանակ՝ կյանքի շատ փորձություններով անցած երևակայության արգասիքն է։

«Պիեսի հերոսի՝ գեներալ Կարպիս Դրամփյանի նախատիպը լոսանջելեսաբնակ բժիշկ Վարդգես Նաջարյանն է։ Նա Արցախյան ազատամարտի տարիներին կնոջ ՝ Մերիի հետ եկել էր Հայաստան և ռազմի դաշտում, վրանի տակ վիրահատություններ էր անում։ Այս ամուսնական զույգն ամբողջ կյանքը նվիրեց հայրենիքին:
Բոլոր իրադարձություններն ու հերոսները իրական են՝ իրական մարդիկ, իրական պատմություններ։ Անշուշտպատմության գույներն  ավելի խտացված են»,- Showbiz.am կայքի հետ զրույցում պատմեց Արմեն Ամիրյանը:

«Պիեսը ինքնատիպ է, հուզիչ, անակնկալ շրջադարձներով լի։ Փորձ է արվում մտնել մի գաղտնի «սենյակ», ուր շատ քչերն են եղել. ամերիկյան բանակի հայազգի Գեներալի ներաշխարհը՝ դրանից բխող անկանխատեսելի հետևանքներով…»,- հավելեց ներկայացման ռեժիսոր Վահե Խաչատրյանը:

Պատմության հերոսները՝  շատ տարբեր մարդիկ, Լոս Անջելես են հասել Սիրիայից, Լիբանանից, Հայաստանից, Իրանից ու Ռուսաստանից։
Նրանք հայտնվել  են մի հարկի տակ՝ գեներալ Դրամփյանի ընտանիքում, սակայն շատ տարբեր պատկերացումներ ունեն հայրենիքի մասին, երբեմն՝ հակասական։  

Արմեն Ամիրյանը խոսեց  ներկայացման առանձնահատկությունների և գաղափարի մասին. «Լեզվական ու մշակութային բախումները շատ հետաքրքիր և ծիծաղելի իրավիճակներ են ստեղծում։ Կերպարների երևակայական փոփոխություններն էլ տանում են դեպի սատիրա, երգիծանք։ Ամբողջ պատմության ընթացքում դեդեկտիվ հետաքննությունը ավելի դրամատիկ և լարված կպահի հանդիսատեսին։

Ողբերգությունն ու երգիծանքը, մեր հայրենակիցների անսահման հայրենասիրությունն ու դրա կողքին գոյություն ունեցող անտարբերությունն ու քաղքենիությունը, և շատ նման հակասական երևույթները երկար ժամանակ մտորելու առիթ կտան, և հիշարժան կդարձնեն թատերական երեկոն»։

Վահե Խաչատրյանը նշեց, թե ինչ է այսօր հարկավոր թատերասեր հասարակությանը շահագրգռելու և հետաքրքրելու համար. «Հետաքրքիր, համամարդկային, աշխարհի հետ ոտք գցող, մրցունակ ներկայացումներ։ Հիմա միայն թեմայով դժվար է հանդիսատես կանչելը։ Պիտի կարողանաս բավարարել նաև նրա՝ համացանցի շնորհիվ «երես առած» տեսողական ընկալումը»։

Ռեժիսորը նաև խոստովանեց, որ հայ և սփյուռքահայ հանդիսատեսի միջև կա լուրջ տարբերություն՝ թատրոն գալու նրանց նպատակը. «Գրեթե՝ ոչ մի տարբերություն չկա։ Միակ տարբերությունը նպատակի մեջ է։ Սփյուռքահայ հանդիսատեսն ասում է՝ «Տոմս առնեմ, գնամ ու, անկախ ամեն ինչից, փորձեմ հաճույք ստանալ»։ Հայաստանաբնակն ասում է՝ «Տոմս առնեմ, գնամ ու, անկախ ամեն ինչից, մի քիչ դժգոհ մնամ»:

Իսկ այն, որ Հայաստանի  թատրոններում այսօր հանդիսատեսի հոսքը գնալով պակասում էՎահե Խաչատրյանը համարեց առավել լայն տարածում ուենցող խնդիր, որն առկա է ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում.
«Պատճառը համացանցն է։ Բոլոր ժամանակներում եղել են և լավ, և միջակ ներկայացումներ։ Մարդիկ հաճախում էին թատրոն, որովհետև երեկոյան շատ բան չունեին անելու։ Հիմա՝ ուզածդ տեսնում ես հեռախոսիդ էկրանին… Ծուլացել ես»։

Բեմադրող ռեժիսոր Վահե Խաչատրյանը, բեմանկարիչ Գարեգին Եվանգուլյանը, կոմպոզիտոր Արեգ Առուստամյանը , բարձրակարգ դերասանական կազմը , տեխնիկական անձնակազմը, վիզուալ էֆեկտների մասնագետները ուժերի առավելագույն լարումով բեմադրում են շատ ժամանակակից ու հետաքրքիր  ներկայացում:
Իսկ թե երբ  հայաստանաբնակ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու «Գեներալի երազը» ներկայացումը, Վահե Խաչատրյանը դեռ որոշեց չասել. «Ապագա ծրագրերը՝ ապագային։ Հիմա կարևորը՝ «Գեներալի երազը» մեր դերասանական «խենթ» կազմի հետ միասին բեմ բարձրացնելն է։ Մի խոսքով՝ Գեներալի երազն իրականություն դարձնելը»։

 Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան