««Հարս չկա» սիթքոմն իր տեսակով տարբերվելու է մյուսներից». Աղաս Մանուկյանը՝ նոր սիթքոմի մասին

«Ֆուլ Yere1»-ը երկրորդ եթերաշրջան չի ունենա. այս նախագծին փոխարինելու է գալիս ամբողջովին նորը:
«
Հարս չկա» կոչվող սիթքոմի առաջին մանրամասները նախագծի դերասաններից Աղաս Մանուկյանը վստահել է Showbiz.amին:

«Սիթքոմն իր տեսակով տարբերվում է բոլոր այլ սիթքոմներից»,- պատմում է Աղասը և հավելում,-«Կարծում եմ, որ այս պահին նման սիթքոմի պահանջ կա: Հումորային նախագծերը գնալով զարգանում են, որովհետև այսօր Հայաստանում այս ճյուղը սկսել է բավականին ակտիվ աճել: Որակյալ ու լավ սիթքոմ ստանալու համար ամենակարևորը՝ ունենալ շատ լավ սցենար, կերպարներ և դրանց համապատասխան դերասաններ»: 

Խոսելով իր կերպարի մասին՝ Աղասը նաև պատմեց, որ 24 մասից բաղկացած սիթքոմի հիմքում մեծահարուստ տղայի կյանքի պատմությունն է. Միացյալ Նահանգներում ապրող, շատ հարուստ ընտանիքում ծնված և մեծացած տղան, ում մարմնավորելու է Բեն Ավետիսյանը, գալիս է Հայաստան՝  իր համար հարսնացու փնտրելու, ով իր հետ կամուսնանա ոչ իր ունեցվածքի համար:
««Հարս չկա» սիթքոմում իմ կերպարը նման չի լինելու նախորդ դերերիս: Փակագծերը չեմ ցանկանում բացել, բայց կարող եմ ասել, որ կերպարս նման չի լինելու «Կամոյի» դերին: Այստեղ ես մեծահարուստի դեր եմ կատարելու, որը սիթքոմի առանցքային կերպարներից մեկն է»,- մանրամասնում է Աղասը:

Համեմատելով մեր սիթքոմները արտասահմանյանների հետ՝ Աղասը գտնում է, որ հայկական նախագծերը ոչնչով չեն զիջում մյուսներին. «Միացյալ Նահանգներում շատ են տաղանդավոր մարդիկ, բայց մենք էլ չենք զիջում, ուղղակի այստեղ պետք է ձևականությունները վերանան, և ամեն մարդ նվիրվի իր գործին: Շատ ժամանակ մեծ փորձի արդյունքում դերասանները գոռոզանում են, աստղայինը տանում է և դերասանական աճն էլ դրա հետևանքով կանգնում է»:

«Հարս չկա» սիթքոմում դերասանական կազմը բավականին մեծ է: Նախագծում նկարահանվելու են Բեն Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գոռ Հակոբյանը, Գրիգոր Դանիելյանը, Աղաս Մանուկյանը, Էլեն Ասատրյանը, Լևոն Հարությունյանը և ուրիշներ:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան