«Իմ գործունեության բուռն ընթացքը հենց հիմա է, այլ ոչ այն ժամանակ, երբ ես ավելի պոպուլյար էի». Արսեն Գրիգորյան

Վերջերս կայացավ երգիչ ու երգահան Արսեն Գրիգորյանի նոր տեսահոլովակի պրեմիերան: Նոր «Թե տեսնես» երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը հենց Արսեն Գրիգորյանն է: Երգչի խոսքով՝ այն գրվել է դեռ 1 տարի առաջ, իր ընկերներից մեկի խնդրանքով:

Նոր երգերի, հեռուստատեսությամբ քիչ երևալու պատճառների, իր երաժշտական դպրոցի հետ կապված նոր նախագծերի ու այլ թեմաների մասին Արսեն Գրիգորյանը պատմել է Showbiz.am-ի հետ զրույցի ընթացքում:

– Որոշ ժամանակ Ձեր ստեղծագործական կյանքում պասիվություն էր նկատվում: Ի՞նչ գործունեություն էիք ծավալում այդ ընթացում:

– Ասեմ, որ իմ գործունեության բուռն ընթացքը հենց հիմա է, այլ ոչ այն ժամանակ, երբ ես ավելի պոպուլյար էի: Եթե այն տարիներին ես տարին մեկ – երկու տեսահոլովակ եմ նկարահանել, ապա հիմա տարին նվազագունը 5-6 երգ եմ ձայնագրում, պարզապես սեսահոլովակներն են ավելի քիչ: Ես իմ դպրոցի սաների հետ ակտիվ ստեղծագործական փուլում եմ, պատրաստվում ենք ապրիլի 7-ի համար ունենալ նոր երգի պրեմիերա սաներիս հետ, որոնց թվում ունեմ տրիո, որը կոչել եմ «Sweet Trio»: Երգն արդեն ձայնագրել ենք, այն կոչվում է «Մամ ջան» : Երգի թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակը ես եմ, պրոդյուսինգով ևս ես եմ զբաղվում, երգը շուտով ունենալու է տեսահոլովակ: Հիմա շատ աշխատում եմ հենց դպրոցի վրա:

 

– Դուք ակտիվորեն վերսկսել եք Ձեր ստեղծագործական աշխատանքները: Ի՞նչ նորությաւնների կարող են սպասել Ձեր երկրպագուները առաջիկայում:

– Չգիտեմ՝ ինչքանով դա ինձ կհաջողվի, բայց ձայնագրել եմ 2 նոր երգ ու միտք ունեմ նկարել դրանց տեսահոլովակները: Առաջին երգը կարծում եմ՝  վերջին ժամանակների իմ ամենալավ երգն է ու կոչվում է «Բարով մնաք, տարիներ», իսկ մյուսը պարային երգ է, կոչվում է «Հալվեցի մաշվեցի»:

– Իսկ մեծ մենահամերգներ կամ թեկուզ ակումբային համերգներ առաջիկայում սպասվու՞մ են:

– Առհասարակ մենահամերգներ դեռ չեմ պլանավորում:

– Դուք գեղեցիկ դուետներ ունեք մի քանի հայ երգչուհիների հետ: Արդյո՞ք մեզ նորից սպասվում են նմանատիպ դուետներ:

– Անկեղծ ասած, հիմա դուետի միտք չունեմ, քանի որ իմ ողջ ստեղծագործական ուղղվածությունը կապել եմ դպրոցիս կայացման ու զարգացման հետ:

– Եթե ունենաք դուետի առաջարկ, կհամաձայնվե՞ք:

– Եթե առաջարկն ինձ դուր գա, ապա ինչու ոչ: Եթե զգամ, որ այդ երգն ինձ իրոք ինչ-որ բան է տալու, սիրով կհամագործակցեմ: Չեմ ուզում, որ դա լինի ուղղակի հերթական դուետներից մեկը, որոնք բոլորս էլ հազար անգամ լսել ենք:

– Ինչու՞ Ձեզ հաճախ չենք տեսնում հեռուստատեսությամբ:

– Ես շատ քիչ եթերների եմ գնում, երկրորդ հերթին պատճառն այն է, որ հեռուստատեսությամբ քիչ են ցուցադրվում նոր տեսահոլովակները, իսկ ես դա վերահսկել չեմ կարող: Միգուցե ցույց են տալիս տեսահոլովակները, բայց, համենայն դեպս, ես չեմ տեսնում: Հենց իմ վերջին տեսահոլովակը ես դեռ ոչ մի եթերում չեմ հասցրել տեսնել, միգուցե ժամերը չեն համընկել…

– Ըստ Ձեզ Հայաստանում կա՞ շոու-բիզնես:

– Այո, իհարկե, կա: Հայաստանի սահմաններում և դրանցից դուրս հայազգի երաժիշտները աշխատում են, մեկնում են հյուրախաղերի, միջոցառումների են գնում:

– Եթե ունենայիք հնարավորություն Ձեր այժմյան փորձով դիմելու այն Արսեն Գրգորյանին, ով շատ տարիներ առաջ իր առաջին քայլերն էր անում երգարվեստում, ապա ի՞նչ կասեիք նրան:

– Խորհուրդ կտայի միայնակ ոչինչ չանել, ունենալ կողքիս խելացի մարդիկ, որոնց հետ թիմային աշխատանքի արդյունքում կորոշվեին կոնկրետ երգեր ու պլաններ, կարվեին կոնկրետ ներդրումներ, և թիմային աշխատանքի շնորհիվ ամեն ինչ կարվեր ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում: Խորհուրդ կտայի ուրիշ ձև մտածել, բիզնեսին ավելի շատ տեղ տալ, քան հոգուն:



Հեղինակ՝ Դիանա Զաքարյան