Հայ հրուշակագործները Գերմանիայում միջազգային մրցույթում արժանացել են 6 մեդալի

Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում փետրվարի 15-19-ն անցկացվող միջազգային «Intergastra»  մրցույթի շրջանակում կայացած խոհարարության օլիմպիադայում հայ հրուշակագործներն արժանացել են վեց մեդալի: Մեկ տաղավարում ներկայացված են հրուշակագործներ Իսկուհի Համբարձումյանի, Մարինե Խալաթյանի, Կարինե Հարությունյանի, Սեդա Մազմանյանի, Մելանյա Սիմոնյանի աշխատանքները: Ընդհանուր թվով ցուցադրվել է 7 աշխատանք: Հայ մասնակիցներն արդեն արժանացել են 2 ոսկե, մեկ արծաթե և 3 բրոնզե մեդալների։

«Շատ հետաքրքիր աշխատանքներ ենք ներկայացրել շաքարային ծաղիկներից: Մեր աշխատանքները հենց սկզբից ուշադրության արժանացան և ստացան իրենց գնահատականը, ինչի համար շատ ուրախ ենք: Մեր աշխատանքների վերաբերյալ դրական խոսքերի պակաս չի զգացվում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասալ է Իսկուհի Համբարձումյանը:

Մրցույթը դեռ շարունակվում է և կտևի մինչև փետրվարի 19-ը:

«Intergastra» միջազգային մրցույթին մասնակցում են հյուրանոցային, ռեստորանային, հրուշակագործության ոլորտի ընկերություններ, մասնագետներ: Այն լավ հարթակ է նոր կապեր հաստատելու, գործընկերներ գտնելու համար։