Beauty Lifestyle. Այս տարվա նորաձև գույները, սանրվածքներն ու ոճային լինելու խորհուրդները Լևոն Ղազարյանից

2020 թվականի գարունն արդեն շատ մոտ է, ուստի պետք է սկսել պատրաստվել տաք ու արևոտ ամսիներին: Բոլոր կանայք էլ ձգտում են համահունչ լինել տարվա մոդայիկ տենդենցներին թե՛ հագուստի, թե՛ դիմահարդարման և թե՛ վարսահարդարման տեսանկյունից:

Իմիջմեյքեր-վարսահարդար Լևոն Ղազարյանը վաղուց աշխատում է հայ հայտնիների հետ և օգնում աստղերին ու իր հաճախորդներին մշտապես ունենալ նորաձև գույներով վարսեր ու գեղեցիկ սանրվածքներ:

Հատուկ Showbiz.am-ի ընթերցողների համար Լևոն Ղազարյանը պատմել է 2020 թվականի թրենդային սանրվածքների, մազերի գույների, ոճային հայտնիների մասին, տվել հնաոճ երևալուց խուսափելու ու վարսերի համար նախատեսված խնամքի միջոցների մասին խորհուրդներ:

2020 թվականի գարնան ու ամառվա սեզոնի վարսերի նորաոճ գույների մասին

«Այս տարվա համաշխարհային նորաձևության մեջ գարնան ու ամառվա համար ավելի արդի են տաք երանգները՝ շագանակագույն, մեղրագույն, կարմիր և նույնիսկ վարդագույն: Սառը գույներից արդեն պետք է սկսել խուսափել»:

 

Այս տարվա նորաձև կտրվածքներն ու սանրվածքները

«Շատ մոդայիկ է կառե կտրվածքը, բայց դա բոլորին չէ, որ սազում է: Հիմա նորաձևության տենդենցները տանում են դեպի բնական գեղեցկություն թե՛ շպարի մեջ թե՛ վարսահարդարման: Որքան բնական, այնքան լավ: Իսկ սանրվածքների մասին կնշեմ, որ հիմա բարդ սանրվածքները այլևս մոդայիկ չեն, ավելի գեղեցիկ են նայվում թույլ ալիքները, հյուսերը, փոքր-ինչ թափթփված պոչերը և որ ընդհանրապես նորաձևությունից դուրս չի գալիս՝ ձիգ հավաքած պոչը»:

Ամենօրյա, երեկոյան ու հարսանեկան մոդայիկ սանրվածքները

Քանի որ հիմա բնական գեղեցկությունը սկսել է մոդայիկ համարվել՝ հարսանեկան, երեկոյան ու առօրյա սանրվածքները որոշակիորեն միաձուլվել են, որովհետև ալիքներ, թույլ հավաքած վարսեր անում են թե՛ որպես հարսանեկան և թե՛ որպես առօրյա սանրվածք: Առաջ շատ տարածված էին բարդ «ռոկոկո» սանրվածքները, դա իրոք գեղեցիկ չէ, մոդայիկ չէ ու անիմաստ է: Հարսներին էլ խորհուրդ կտամ նախապատվությունը տալ թեթև ալիքներին, պոչերին, քան գլուխկոտրուկ հիշեցնող սանրվածքներին: Եթե ունեն բնական գեղեցիկ գանգուրներ, ապա շատ գեղեցիկ և մոդայիկ են նաև այդպիսի մազերի վրա արված սանրվածքները»:

Ամեն օր հարդարելու հետևանքով մազերը վնասելու մասին

«Եթե ստիված եք ամեն օր հարդարել ու ուղղել վարսերը, ապա դրանց վնասվելը անխուսափելի է: Հիմա Հայաստանում ևս կան մազերի երկարաժամկետ ուղիղացման միջոցներ, եթե վարսերը գեղեցիկ ալիքներ ու գանգուրներ չեն ու դրանք պարտադիր պետք է ուղղել խնամված տեսք ստանալու համար: Բայց սովորական միջոցներով մազերն ուղղելիս դրանք շատ են վնասվում, իսկ վառված ծայրերով վարսերը տգեղ են նայվում»:

 

Հասանելի խնամքի միջոցների մասին

«Ամենակարևոր ու հասանելի միջոցները յուղերն են՝ արգանի, կոկոսի ու, նույնիսկ, ձիթապտղի յուղը: Համարյա բոլոր բնական յուղերը շատ օգտակար են մազերի առողջացման համար: Դրանք կարելի է քսել մազերին, առանց արմատներին քսելու ու պահել մի քանի ժամ, այնուհետև լվանալ: Շատ արագ կզգաք դրանց դրական արդյունքը մազերի վրա: Պետք է շատ ճիշտ ընտրել, թե ինչ օգտագործել: Եթե ձեր ընկերուհիներից մեկին օգնել է ինչ-որ դիմակ, դա կարող է նույն ազդեցությունը չունենալ ձեզ վրա: Մեկի մազերը չոր են, մյուսինը վառված կամ յուղոտ: Օրինակ, յուղոտ մազերի համար այլևս յուղեր օգտագործելու կարիք չկա, դրանց համար կան հատուկ միջոցներ, որոնք կարելի է ձեռք բերել դեղատներից: Որքան էլ վարսավիրները պնդեն, որ վառված մազերը դիմակների ու յուղերի միջոցով կարելի է  վերականգնել, ես մի լուծում եմ տեսնում՝ կտրել վնասված ծայրերը, քանի որ վառված մազը «մահացած» է ու այն հնարավոր չէ վերակենդանացնել: Չոր մազերի դեպքում կարող են օգնել և յուղերի օգտագործումը և սրահներում առաջարկվող դիմակների ու նյութերի կիրառումը, քանի որ դրանց կազմում էլ կան օգտակար յուղեր: Պետք չէ մտածել, որ մազերի խնամքը շատ թանկ է: Եթե չկան բավարար միջոցներ պրոֆեսիոնալ միջոցներից օգտվելու համար, ապա կարելի է դեղատնից գնել ձեր խնդրին համապատասխան յուղերը»:

Ոճային սանրվածքների ու մազերի գեղեցիկ գույներով հայտնիները, որոնց կարելի է հետևել ու օրինակ վերցնել

«Իմ կարծիքով վարսերի գույների ու սանրվածքների տեսանկյունից, օրինակ, կարող են հանդիսանալ Ջենիֆեր Լոպեսը, Քիմ Քարդաշյանը, Վերա Բրեժնևան, Անի Լորակը: Նրանց թե՛ վարսահարդարումը, թե՛ դիմահարդարումը և թե՛ հագուստը միշտ նորաձևության վերջին տենդենցներին համապատասխան են, չնայած որ հագուստը մեր հայ իրականության հետ այնքան էլ համապատասխան չէ: Բայց նրանց վարսերը մշտապես պարզ ու ակտուալ ոճերի ու երանգների մեջ են: Իրականում, ինչքան պարզ՝ այդքան գեղեցիկ»:

Հնաոճ գույների ու սանրվածքների մասին

«Հիմա բացարձակ ակտուալ չեն օմբրեներն ու գունային արտահայտված անցումով մազերը: Եթե ցանկանում եք մեկից ավել երանգներ ունենալ վարսերում, ապա խորհուրդ եմ տալիս միմյանցից շատ թույլ տարբերությամբ երանգների կիրառում: Հայ ազգը հիմնականում թխահեր է ու ցորենագույն կամ թուխ մաշկ ունի, այդ պատճառով պետք է խուսափել «սպիտակ բլոնդ» երանգից, սև արմատներ ու դեղին ծայրեր համադրությունից: Ուշադրություն դարձրեք նաև հոնքերին, եթե վարսերը սև չեն, այլ բաց գույն են ներկված, ապա հոնքերը պետք է մազարմատներից 2 տոն մուգ լինեն: Կտրվածքներից պետք է հեռու մնալ անհավասար շերտերից, երբ վերևի հատվածը կարճ շերտեր են, իսկ ներքևում մազերն ուղիղ շարունակվում են: Մազերի գույնն ու ձևն ընտրելիս պարտադիր պետք է հաշվի առնել դեմքի կառուցվածքը, մաշկի ու աչքերի գույնը»:

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան