Մահացել է ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը

96 տարեկանում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը։ Դերասանի մահվան լուրը Facebook-ի իր էջում հայտնել է դերասանի որդին` Քրիստ Մանարյանը և հոր ու Գերման Ավագյանի հետ լուսանկար հրապարակել։
«Էս ուրախ լուսանկարը երկու օրվա մեջ դարձավ պատմություն՝ սկզբից Գերմանը, հետո պապան մեզ լքեցին»,- գրել է նա։

Երվանդ Մանարյանը գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։ Մանարյանը նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Հարսնացուն Հյուսիսից», «Քաոս», «Մորգանի խնամին» և այլն:
Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետի առաջարկով ավագանին միաձայն քվեարկությամբ Երվանդ Մանարյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց:

Իսկ 2018 թ-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի պատվավոր կոչում էր շնորհվել։