Խոակին Ֆենիքսն այցելել է սպանդանոց և փրկել մայր կովին ու նրա ձագին (լուսանկարներ, տեսանյութ)

Հոլիվուդյան դերասան Խոակին Ֆենիքսը, որն «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ ստանալիս կենդանիների նկատմամբ մարդասիրության մասին էր խոսել, այցելել է սպանդանոց և փրկել մայր կովին ու նրա ձագին, հայտնում է Daily Mail պարբերականը:

Farm Sanctuary կենդանիների պաշտպանության կազմակերպության հրապարակած տեսանյութում երևում է, որ բուսակեր Խոակին Ֆենիքսը Լոս Անջելեսի կենդանիների պաշտպանության խմբի մի քանի ներկայացուցիչների հետ Կալիֆոռնիայում Pico Rivera սպանդանոց է այցելել և այնտեղ զրուցել դրա հիմնադիր և տնօրեն Էնթոնի դի Մարիայի հետ:

Նշվում է, որ 45-ամա դերասանը տնօրենի հետ մտերմիկ քննարկումներ է ունեցել, ինչից հետո հորթին գրկած մեքենայի մոտ է գնացել: Նա լոսանջելեսյան կենդանիների պաշտպանության կազմակերպության միջոցով հայտարարություն է տարածել, որում կովին անվանել է Լիբերթի (ազատություն), իսկ հորթին` Ինդիգո:

«Երբեք չէի մտածի, որ սպանդանոցի հետ բարեկամություն կկարողանայի հաստատել, սակայն Էնթոնիի հետ հանդիպելով և այս խնդրի շուրջ սրտաբաց զրույց ունենալով` ես հասկացա, որ գուցե մենք ավելի շատ ընդհանուր, քան տարբեր բաներ ուենք: Առանց նրա բարի քայլի` Լիբերթին և նրա հորթը` Ինդիգոն, ողբերգական վախճան կունենային»,- ասել է նա: