Մեգան Ֆոքսը կնկարահանվի «Ավրորա» գիտաֆանտաստիկ մարտաֆիլմում

ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ ամերիկացի դերասանուհի և մոդել Մեգան Ֆոքսը կնկարահանվի «Ավրորա» գիտաֆանտաստիկ մարտաֆիլմում, հաղորդում է Variety-ն։

Մեգան Ֆոքսը, որը հայտնի է «Նինձյա կրիաները» և «Տրանսֆորմերներ» ֆիլմերում իր դերակատարումներով, հանդես կգա տիեզերագնացի դերով, որին ուղարկում են տիեզերք՝ Երկրին սպառնացող արևային փոթորիկներն ուսումնասիրելու:

«Գլխավոր հերոսուհին բացահայտում է, որ արևային քամուց առաջացած հարվածային ալիքները փոխում են ժամանակի ընթացքը, ինչը նրան դրդում է իր անցյալի ու ներկայի դեմ հոգեբանական պայքարի»,- ասվում է Arclight կինոընկերության հայտարարության մեջ:

«Ես ուրախ եմ նման տաղանդավոր դերասանուհու հետ աշխատելու կապակցությամբ: Մեգանն իսկապես տաղանդավոր դերասանուհի է և անկասկած կտպավորի իր դերով: Ես ոչ միայն սպասում եմ ֆիլմի նկարահանումներին, այլև այն տեսնելուն»,- հայտնել է Ջորդան Գերտները:

Ֆիլմի ռեժիսորը կլինի Լազար Բոդրոժան: Սցենարը կգրեն Փիտ Բրիջեսը, Թոբի Գիբսոնը և Սթյուարտ Ուիլիսը։ Ֆիլմի նկարահանումները նախատեսված է սկսել այս տարվա մայիսին՝ Սերբիայում։