«Թագակիրներ». նկարահանումներ վտանգավոր վայրերում, յուրահատուկ դերասաններ և այլ մանրամասներ նոր նախագծի մասին - showbiz.am

«Թագակիրներ». նկարահանումներ վտանգավոր վայրերում, յուրահատուկ դերասաններ և այլ մանրամասներ նոր նախագծի մասին

By
«Թագակիրներ» նախագիծը գեղարվեստական ժանրով ներկայացված ֆիլմաշար է, որի ընթացքում ստեղծված հայոց թագուհիների կերպարները հեռուստադիտողին պատմում են հայոց պատմության մեջ առանցքային դերակատարում ունեցած թագուհիների և ազնվական կանանց կյանքի և գործունեության մասին։
Թագուհիների գեղարվեստական կերպարները ստեղծվել են պատմական դեպքերի, մատենագիտական նյութերի, բնագրային տեքստերի, ինչպես նաև մեզ հասած եզակի արվեստի նմուշների և գիտական վերակազմությունների հիման վրա։
«Թագակիրները» նախագիծն իր բովանդակության և ընտրված ժանրային առանձնահատկության մեջ՝ եթե ոչ առաջին, ապա միանշանակ եզակի նախագծերից է մեր իրականության մեջ:
«Այսօր համացանցը ողողված է անգլիական, ֆրանսիական, ռուսական ու թուրքական ֆիլմերով, մեծ փառքերի հասած ծանոթ ու անծանոթ հերոսների մասին պատմող ֆիմերով ու հաղորդումներով: Դիտում ես, հիանում, ու ակամայից հարց է ծնվում՝ իսկ ե՞ս ինչ եմ ունեցել: Մեր արքաների և թագուհիների երբեմնի շքեղ կյանքի մասին պատմող նյութական գանձերը թալանված ու ոչնչացված են, սակայն մենք ունենք պատմագրական հարուստ վկայություններ:
Այն, ինչ հասել է մեզ այսօր պատմագիրների շնորհիվ, ուղղակի ցնցող է, շլացնող, վեհացնող: Եվ հենց սա է զարմացնում. ինչու մինչ այսօր որևէ անդրադարձ չի կատարվել այս թեմային, չէ՞ որ ամբողջ աշխարհը այսօր էկրանավորում է անգամ մտացածին պատմական կերպարների, դեմք և դիմագիծ տալիս նրանց, իսկ մենք, ունենալով իրական, սքանչելի, վառ կերպարներ, դեմքեր, լռում ենք՝ սերունդներին փոխանցելով բերանը փակ շրջող հայուհու կերպարը»,- Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է նախագծի սցենարի հեղինակ Մանան Դաֆինը՝ հույս հայտնելով, որ նախագիծը նոր գիտելիք կփոխանցի մարդկանց, կծնի նոր գաղափարներ ու հիմք կդառնա նմանատիպ նոր նախագծերի համար:
Սցենարիստի պնդմամբ՝ այսօր հեռուստաաշխարհում եզակի, գաղափարական, ուրույն հեռուստաարտադրանք ստեղծելը մեծագույն խնդիր է, որը առաջին հերթին ցանկացած նախագծի գաղափարի մեջ է: Դաֆինը պատմում է, որ «Թագակիրներ»-ի պարագայում Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմը արագ արձագանքեց և զգաց դրա կարևորությունը, եզակիությունը:
«Նախագիծն իրականացնելիս խնդիրներ շատ ունեինք՝ նկարահանման վայրեր, հագուստներ, ճիշտ կերպարներ: Բայց հավատացեք՝ ամբողջ թիմը աշխատում էր նվիրյալների նման: Գիշերը ցերեկ դարձրած՝ երբեմն կյանքի համար վտանգավոր վայրերում նկարահանումներ են արվել»,- խոստովանում է Մանանը՝ հավելելով, որ թիմում ներգրավված են եղել պատմաբաններ, արվեստաբաններ, ովքեր միասին կարողացել են իրականացնել այս բարդ աշխատանքը:
Սցենարիստը հետաքրքիր փաստ բացահայտեց նախագծի մասին. ֆիլմերի սցենարական կառուցվածը նոր է մեր հեռուստաշուկայում. «Նախագծի համահեղինակ և ռեժիսոր Արմեն Փիրի Մասիհին առաջարկեց նկարահանել նախագիծը ֆիլմի ժանրում, ինչը բավական մեծ աշխատանք էր պահանջում:
Ընտրել ենք թեմային համապատասխան մեկ պատմական՝ թագուհու կերպար, որում ամփոփվում են տվյալ վերնագրին համապատասխան գործունեություն իրականացրած այլ ազնվական տիկնայք:
Ցանկանում եմ անպայման նշել, որ մենք պատմական վերակազմություններ չենք արել, մեր կերպարները ստացել ենք ստեղծագործական մոտեցմամբ»:
Ֆիլմի հաջորդ առանձնահատկությունը լեզուն է:
Ընդգրկվել են հայերենի մի քանի ժամանակաշրջաններ՝ գրաբար, միջին հայերեն, իսկ բուն սցենարական լեզուն ժամանակակից հայերենն է:
«Այս թեման, ինքնին, գրվեց մեր լեզվի ամենաշքեղ բառապաշարով, և կուզենայի, որ դիտողները լսեն ու վայելեն մայրենիի ամենագեղեցիկ շերտերը»,- ասում է Մանանը:
Երրորդ յուրահատկությունը դերասանների ընտրությունն է.
«Դերասանների ընտրության հարցում մեկ կարևոր պայման էր դրված ռեժիսոր Արմեն Փիրի Մասիհիի կողմից. այն է՝ բնական գեղեցկությունը: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ սա բարդ, տքնաջան աշխատանք էր, որ ձգտել ենք անել մեծ պատասխանատվությամբ»,պատմում է Դաֆինը:
Մանան Դաֆինը գտնում է, որ մարդիկ, իրոք, կարիք ունեն նման նախագծերի և խոսում է նախագծի առաջնային նպատակի մասին. «Այս պահին մեզ համար կարևորն այն է, որ նախագիծը ծառայի իր նպատակին, շարունակությունը այս դեպքում ինձ համար հարաբերական է: Շարունակություն կունենան բոլոր այն նախագծերը, այն գաղափարները, որոնք կծնվեն մարդկանց մոտ՝ մեր թագուհիների կյանքի և գործի մասին տեղեկանալուց հետո»:
Սցենարիստն իր խոսքը եզրափակեց՝ խոսելով նախագծի կարևորության և այն հոգևոր ժառանգության մասին, որը կփոխանցվի հեռուստադիտողին ու մյուս սերունդներին.
«Նախագծի կարևորությունն ինձ համար, որպես հեղինակի, կայանում է մեր ազնվական դասակարգի թողած հոգևոր արժեքների վերածնության մեջ: Հայոց ազնվական դասակարգը ոչնչացվեց դարերի ընթացքում։ Միտումնավոր կերպով, ցավոք, նրանց հետ կորավ նրանց թողած նյութական ժառանգությունը, կորան նաև հոգևոր արժեքներ, մի ողջ արժեհամակարգ անցավ անհայտի, մոռացության գիրկը:
Սակայն այս օրը մեզ հնարավորություն է տալիս նոր ուղիներով՝ այն է ՝ էկրանավորում, ֆիլմարտադրություն և այլն, վերհանել մեր մոռացված գանձերը: Հուսով եմ, մեր ստեղծած կերպարները կդիպչեն դիտողների սրտերի նուրբ լարերին, կներշնչեն հպարտություն, ակնածանք և նրանք կգիտակցեն՝ ինչպիսի նախնիների հետնորդ ու զարմն են իրենք»:
Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԼայֆՍթայլ ԼայֆՍթայլԹՈՓ ՇոուՆյուզ

Չորս արդյունավետ բնական միջոց բշտիկներից ու կորյակներից ազատվելու համար

Բշտիկները, կորյակներն ու մաշկային նմանատիպ այլ խնդիրները որպես կանոն ասոցացվում են դեռահասության շրջանի և հորմոնալ տատանումների հետ, սակայն խնդիրն...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ԻնստաԼայֆԹՈՓ ՇոուՆյուզ

Գրավիչ և յուրօրինակ․ դերասանուհի Մերի Մովսեսյանի առաջին օնլայն ֆոտոշարքը

«Փրկեք մեր հոգիները», «Պատվից առավել» և այլ սերիալներից ու ֆիլմերից հայտնի դերասանուհի Մերի Մովսեսյանը չնայած տանը մնալու հանգամանքին՝ շարունակում...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն առաջին անգամ թագավորական պարտականությունը կատարել են տեսակապի միջոցով (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն առաջին անգամ իրենց թագավորական պարտականությունն իրականացրել են տեսակապի միջոցով՝ զրուցելով կորոնավիրուսի դեմ...
Ավելին