Իտալիայում դադարեցվել են «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկարահանումները

Իտալիայում դադարեցվել են «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկարահանումները՝ կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նկարահանումներ պետք է տեղի ունենային Վենետիկում, սակայն Իտալիայում կորոնավիրուսի տարածման հետևանքով արգելվել են մասսայական միջոցառումներն ու հավաքները:

Վենետիկում կարանտին հայտարարված չէ, սակայն նման որոշում է կայացվել նկարահանող խմբի և դերասանական կազմի անվտանգության նկատառումներից ելնելով:

«Առաքելությունն անիրագործելի է 7»-ի պրեմիերան կկայանա 2021թ. հուլիսին: Նշվում է, որ ֆիլմի ռեժիսորը Քրիստոֆեր ՄքՔուորին է, որն աշխատելու է նաև ֆիլմի ութերորդ մասի վրա:

Հոլիվուդյան աստղ Թոմ Կրուզը կրկին կմարմնավորի Իթեն Հանթին: Նրա խաղընկերներն են լինելու Սայմոն Փեգը, որը չորրորդ անգամ կխաղա Բենջի Դանի դերը, Ռեբեկա Ֆերգյուսոնը, որը կրկին կներկայանա լրտես Իլզա Ֆաուստի կերպարում, ինչպես նաև ֆիլմաշարի համար միանգամայն նոր դեմքեր՝ Նիկոլաս Հոլթը, Հեյլի Էթվելը, Շի Ուիգհեմը, Փոմ Պլեմենտյեֆը: