«Ինձ բռնաբարել են, թմրանյութեր ներարկել և պահել գերության մեջ». երգչուհի Դաֆին բացահայտել է բեմից անսպասելի անհետանալու պատճառները

Բրիտանացի փոփ երգչուհի Դաֆին, որն իր Mercy հիթով 2008 թվականին գլխավորում էր բրիտանական հիթ շքերթները, նման հաջողությունից հետո անմիջապես անհետացել է տեսադաշտից: Նախօրեին երգչուհին իր Ինստագրամում հուզիչ գրառում է կատարել, որտեղ երկրպագուներին հայտնել է բացակայության պատճառների մասին:

«Ձեզնից շատերին գուցե հետաքրքրում է, թե ուր և ինչու այդպես հանկարծ անհետացա: Մի լրագրող, որը կարողացել էր գտնել տվյալներս, կապ հաստատեց ինձ հետ, և ես նրան պատմեցի ամեն ինչ: Տղան չափազանց բարի էր և անկեղծանալուց հետո ինձ գերազանց էի զգում»,- հայտնել է երգչուհին:

«Ճշմարտությունն այն է, որ ինձ բռնաբարել են, թմրանյութեր ներարկել և պահել գերության մեջ»,- գրել է երգչուհին՝ երկրպագուներին վստահեցնելով, որ այժմ ապահով է և իրեն լավ է զգում, թեև «վերականգնման համար ժամանակ է պահանջվել»:
Երգչուհու խոսքով՝ այս մասին ավելի վաղ չի խոսել, քանի որ չի ցանկացել աշխարհին բացահայտել իր ցավը:

«Հետո ինձ հարցրի, թե ինչպես կարող եմ սրտիցս երգել, եթե այն կոտրված է: Ու այն սկսեց ապաքինվել»,- հայտնել է Դաֆին:
Նա նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ «տարիների ընթացքում ցուցաբերած սիրո, անկեղծ գնահատանքի և բարության համար»։