Լոնդոնի մետրոյից` Հոլիվուդ. համացանցում հայտնի դարձած երգչուհին հայտնվել է Էլեն Դեջեներեսի շոուին

Լոնդոնի մետրոյում հայտնի բլոգերի համար երգած և համացանցում հայտնի դարձած երգչուհին հայտնվել է «The Ellen DeGeneres Show» թոք շոուին, հայտնում է Daily Mail պարբերականը։

Լոնդոնի արևելյան մասում գտնվող Ռոմֆորդի բնակչուհի Շառլոթ Ոուբերին մետրոյով ընկերոջ հետ հանդիպմանն է շտապել, երբ Քևին Ֆրեշուոթեր անունով մի բլոգեր մոտեցել է նրան և, «Աստղ է ծնվել» ֆիլմի «Shallow» երգից մի հատված կատարելով, խնդրել է կնոջը շարունակել բառերը: Վերջինս էլ ոչ միայն կարողացել է մտաբերել երգի բառերը, այլ նաև հիացրել է իր կատարմամբ։

Բլոգերը տեսանյութը հրապարակել է Facebook սոցիալական կայքի իր էջում, որտեղ նա մոտ 1,5 միլիոն հետևորդ ունի: Տեսանյութը շատ կարճ ժամանակահատվածում հազարավոր դիտումներ ու հավանումներ է ստացել, իսկ Շառլոթի ինսթագրամյան հետևորդների քանակը 5 000-ից հասել է 466 000-ի:

Որոշ ժամանակ անց նա «The Ellen DeGeneres Show» թոք շոուից հրավեր է ստացել և «Shallow» երգը կատարելուց հետո զրուցել է Էլեն Դեջեներեսի հետ, որի ժամանակ պատմել է, որ նախկինում երգել է հիմնականում մասնավոր միջոցառումների ժամանակ և երազել է մեծ բեմերի մասին: Զրույցից հետո հաղորդավարը Շառլոթին մեկ տարի մետրոյով անվճար երթևեկելու տոմս է նվիրել։