ԱՄՆ-ում Սթիվեն Սիգալին տուգանել են 300 հազար դոլարով

Մարտաֆիլմերի հայտնի դերասան Սթիվեն Սիգալին Միացյալ Նահանգներում տուգանել են 300 հազար դոլարով։ Պատճառն այն է, որ Սիգալը հրաժարվել է ներկայացնել փաստաթղթեր, թե որքան գումար է ստացել կրիպտոարժույթների համակարգի գովազդի համար։

ԱՄՆ իշխանություններին հայտնի դարձածի համաձայն՝ Սիգալը մոտ 250 հազար դոլար է ստացել՝ կրիպտոարժույթները իր սոցցանցային էջերում գովազդելու համար։ Նույն ծառայությունների դիմաց՝ ևս 750 հազար դոլարի համարժեք գումար նա ստացել է կրիպտոարժույթով։

Ամերիկյան դատական համակարգը որոշել է, որ ցանցում վաճառվող կրիպտոարժույթը նույնպես կարելի է արժեթղթեր համարել։ Ըստ այդմ՝ եթե դերասանը թաքցնում է այդ արժեթղթերը գովազդելուց ստացած գումարի չափը, ապա նրան պետք է տուգանել։

Ինքը դերասանը համաձայնել է վճարել 157 հազար դոլար՝ որպես ապօրինի ստացած գումարի փոխհատուցում, ու ևս այդքան գումար վճարելու է որպես տուգանք։ Ամերիկյան իշխանությունները դա բավարար չեն համարել ու դերասանին 3 տարով արգելել են կրիպտոարժույթ գովազդել։