«Հերոսուհիս ջութակահարուհի է»․ Ադրիանա Գալստյանը՝ «Վայրենի տատին» նոր ֆիլմում իր կերպարի և սպասվող մյուս նորությունների մասին

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը որոշակի դադարից հետո կրկին վերադարձել է նկարահանումների հրապարակ։
Դերասանուհին շուտով հանդես կգա «Վայրենի տատին» գեղարվեստական նոր ֆիլմում, որի նկարահանումներն արդեն մոտենում են ավարտին։
Նոր նախագիծը ռեժիսոր Հենրի Քոչարյանի «Փոքրիկ զորավարը» ֆիլմի շարունակությունն է, սակայն նախորդի հետ այն սյուժետային կապվածություն չի ունենալու։

ShowBiz.am-ի հետ զրույցում Ադրիանան խոսել է դադարի ընթացքում իր զբաղվածության, սերիալներում չնկարահանվելու, իր յուրօրինակ ոճի, ինչպես նաև նոր ֆիլմում հանդես գալու և առաջիկայում սպասվող հետաքրքիր նորությունների մասին։

– Նկարահանվում եք «Վայրենի տատին» նոր գեղարվեստական ֆիլմում. ինչպե՞ս ստացաք առաջարկը և հայտնվեցիք նախագծում։
– Համագործակցության առաջարկը ստացել եմ ֆիլմի պրոդյուսեր և ռեժիսոր Հենրի Քոչարյանի կողմից։ Առաջիկայում նպատակային էր նոր պրոյեկտում հանդես գալը։ Մանրամասն ծանոթանալով իմ կերպարի, ինչպես նաև ընդհանուր սյուժեի հետ՝ տվեցի համաձայնությունս։

– Կպատմե՞ք Ձեր կերպարի մասին։
– Կերպարիս մասին շատ մանրամասներ չեմ կարող ներկայացնել․ միայն կասեմ, որ հերոսուհուս անունը Աննա է, ով մասնագիտությամբ ջութակահար է։

– Նկարահանումները հա՞րթ են ընթանում, դերասանական և նկարահանող կազմի հետ հե՞շտ է ստացվում համագործակցությունը։
– Աշխատում եմ պրոֆեսիոնալ թիմի հետ՝ ջերմ և հաճելի մթնոլորտում։ Այստեղ բոլորն իրենց գործի վարպետներն են, և կարևորն այն է, որ բոլորը գիտակցում են՝ ինչի համար են հավաքվել․ գործը՝ գործ, հումորը՝ հումոր։

– Բավականին ժամանակ է հեռուստաեթերում չեք երևում․ այս ընթացքում ինչո՞վ եք զբաղված եղել։
– Կարելի է ասել, որ միայն սերիալային գործունեությունս էր դադարել։ Գեղարվեստական ֆիլմերից զատ, այս ընթացքում նաև նախագծել ենք նոր ասելիքով և թեմատիկայով աշխատանքներ, որոնք շատ շուտով արդեն կկարողանամ ներկայացնել իմ հետևորդներին։

– Մեր նախորդ զրույցում նշել էիք, որ այլևս չեք ցանկանում երկարատև հեռուստասերիալներում նկարահանվել․ այդ որոշումը դեռևս անփոփո՞խ է և ինչի՞ հետ է այն կապված։
– Որոշումս անփոփոխ է, այդ մասին բազմիցս եմ ասել։ Իսկ թե ինչի հետ է կապված, կոնկրետ չեմ կարող նշել. պարզապես որոշում է, որին հետևում եմ։

– Նոր տեսահոլովակներում նկարահանվելու առաջարկներ կա՞ն․ ինչպիսի՞ հոլովակներում չէիք նկարվի։
– Առաջարկներ միշտ են լինում, իսկ թե ինչպիսի տեսահոլովակներում չեմ նկարահանվի, այդ մասին գիտեմ միայն ես, ինձ հետ աշխատող թիմը և համագործակցող անձնակազմը։ Այդ մասին չեմ ցանկանա բարձրաձայնել։

– Ոճն ու հագուկապը ներկայանալի տեսք ունենալու գլխավոր գրավականն են․ ինչպիսի՞ տեսք ունի ձեր զգեստապահարանը, ո՞ր ոճն եք նախընտրում և արդյո՞ք ուշադրություն դարձնում եք հագուստի բրենդին, թե՞ ոչ։
– Ես միշտ փորձել եմ ներկայանալ իմ ուրույն ոճով՝ հիմնականում կրելով այն, ինչ սազական է, այլ ոչ թե ժամանակին և թրենդներին համապատասխան։ Ինչպես ասում են՝ «Fashion says me too, style says me only»։ Զգեստապահարանումս էլ հիմնականում գերակշռում են դասական ոճն ու զգեստները։

Ադրիանա Գալստյանը բացի նկարահանումներից այժմ զբաղված է նաև ներկայացման փորձերով: Թե ինչ ներկայացման մասին է խոսքն ու ինչ անակնկալ է խոստանում դերասանուհին իր երկրպագուներին, Ադրիանան առայժմ չցանկացավ բացահայտել:

Հեղինակ՝ Լուս Ավագյան