Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտնել է իր և սիրելիի նշանադրության, ինչպես նաև ընտանիքում նոր համալրման մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա սիրելին՝ Քերի Սայմոնդսը, հայտարարել են իրենց նշանադրության մասին, ինչպես նաև տեղեկացրել, որ իրենց ընտանիքում երեխա է ծնվելու: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով զույգի հայտարարությունը:

«Վարչապետն ու միսս Սայմոնդսն ուրախ են հայտարարել իրենց նշանադրության մասին, ինչպես նաև հայտնել ուրախալի լուր, որ իրենց ընտանիքում սպասվում է համալրում»,- գրված է հայտարարության մեջ:

31-ամյա Սայմոնդսի համար սա առաջին հղիությունն է, իսկ ահա Ջոնսոնը հերթական անգամ հայր կդառնա: Նա 4 հասուն երեխա ունի նախկին կնոջից՝ փաստաբան Մարինա Ուիլերից, մեկ աղջիկ՝ արվեստաբան Հելեն Մաքինթայրից և, որոշ տվյալների համաձայն, ևս մեկ արտամուսնական կապից ծնված երեխա: 54-ամյա վարչապետը մշտապես խուսափում է երեխաների քանակի վերաբերյալ հարցերից: